«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Բագրատունիների թագավորության արքա Գագիկը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն արքան մերժում է։ Ծովինարը հայրենիքը ավերումից փրկելու նպատակով համաձայնվում է դառնալ խալիֆի կինը։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և կես բուռ ջուր է խմում ու հղիանում։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, սակայն նրանք են սպանում խալիֆին և մոր հետ փախչում են հայրենիք, հիմնելով իրենց բերդը՝ Սասունը։ Սանասարը Դեղձուն-Ծամի հետ ունենում են 3 զավակ՝ Մհեր, Ձենով Օհան և Ցռան Վերգո։
Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։ Սասունը հարկատու է դառնում Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում և այդ քաջ արարքի համար ստանում է Առյուծաձև Մհեր կոչումը: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը։ Մելիքի մահիս հետո նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրությունունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն՝ Արմաղանի մոտ։
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։Սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։