Հրաբուխ🌋 , երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։
Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայու, Էտնան ու Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Մերապին և Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Պոպոկատեպետլ և Օրիսաբան՝ Մեքսիկայում, Կիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։
Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։
Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։
🌋Հետաքրքիր փաստեր🌋
Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգավ 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։