
Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝ իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ, Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝ ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛ առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և 2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։
Անգլիական այգի
Անգլիական այգի, Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Այգու տարածքը սկզբից եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1865 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Արգիշտի Ա․
Արգիշտի Ա ,Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։
Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր։
Էրեբունի բերդաքաղաք
Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին-ի կողմից։
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում։