Մասնակիցներ` 8-րդ դասարանի սովորողմեր
Ուսուցչուհի` Մերի Գարեգինյան
Վալս (գերմ.՝ Walzen), սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը։ Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո։ Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով։ Վալսի նշանավոր և դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը։ Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775 թվականը, սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին «Nachtanz» պարը։
Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան։ Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով։
XIX դարասկզբին վալսը ձեռք է բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն առավել էլեգանտ ու ռոմանտիկ։ Վիեննայում բնակվող կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և Յոհան Շտրաուս որդին[4], գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դանուբն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը։
Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն և ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը։
Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են։ Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ։
Իր գոյության տարիների ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների։ Գոյություն ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս, չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում։
Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ։ Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում։