«Կռունկ»
Մաս 1-ին
— Մարգարի՛տ․․․
Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։
-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։ Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝ Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:
— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝ հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։
Մաս 2-րդ
…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։
Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն, ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին, հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։
-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին, ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։
Մաս 3-րդ
Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։
Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.
— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։
Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
մյուռոն — տե՛ս մեռոն
տարաշխարհիկ — օտար աշխարհի, օտարերկրյա
նշխար — մնացորդ, փշուր
վեղար — Հայ կրոնավորի գլխի ծածկույթ
լավա — հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված
հարկավ — անշուշտ, անկասկած
փերթ-փերթ — փերթերի բաժանված, կտրտված, գզգզված
պանդուխտի — Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ
ականջօղ — ականջի բլթակին ագուցվող, օղաձև զարդ
2. Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
Իրիկնապահ — երեկո, իրիկուն, իրիկնադեմ, իրիկնամուտ, իրիկնաժամ, իրիկնավերջ, վերջալույս, մթնշաղ
արթնանալ — զարթնուլ, զարթնչել, աչքը բանալ, աչքերո բաց անել
պանդուխտ — վտարանդի, օտարական, գաղթական, նժդեհ, եկվոր, դրսեցի
տխուր — մռայլ, վշաահար, թախծոտ, մելամաղձոտ, անզվարթ, անուրւախ, անխինդ, տխրամած
վեհ — բարձր, մեծ, վես, գերագույն, բարձրագույն, վեհապանծ, վեհասքանչ
աղեկտուր — աղիքները կոտորող, գութ շարժող, մորմոքող
3. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները:
Առնական — կանացի, կանացիական
հզոր — թույլ, տկար, անզոր
տրտմություն — ուրախություն, զվարճություն, անտրտմություն
սևահեր — բաց գույնի մազեր ունեցող
ծիծաղկոտ — լալկան, լացկան
4. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
Մաս 1 — Մարգարիտ
մաս 2 — կռունկ
մաս 3 — նաչպետք է լաց լիներ
5. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
Իռլանդուհին սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով կին էր։
6. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
Պանդուխտն իր ցավը կռունկին է պատմոքւմ, որովհետև կռունկն էլ է նույն ցավը զգացել երբ նա կորցրել է իր երամը։
7. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:
Իռլանդուհուն հուզեց տխուր երաժշտությունը։ Մարդը կարող է հուզվել անեմ ինչինց, ինչ ունի տխուր բան։ Նույնիսկ եթե լեզուն, երգը կամ մեղեդին անծանոթ է։
«Սպասում»
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Գոցել – փակել
Հնամաշ – հնացած ու մաշված
Հատուկենտ – փոքրաթիվ, մի երկու, մի քանի
Նշմարել – աղոտ կերպով տեսնել
Պանդոկ – որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել
2. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com
էլեկտրոնային բառարանից:
Վնգստալ – խղճալի ձայնով կաղկանձել (ցավից, քաղցից)
Գոցել – փակել
Ապրուստ – ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը
Ճկուն – հեշտ ճկվող, դյուրաթեք
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
Շատ ցուրտ էր, մի կարևոր միտք ունեցավ։
4. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Դրամապանակ Փարիզի փողոցներին
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
Բարի մարդը
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը։
5. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Բարի, խղճով, ազնիվ, խելացի, մարդասեր
6. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,— մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
7. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Մեսրոպ Մաշտոցը գրել է հայոց այբուբենը, իսկ Կոմիտասը գրել է հայոց երգերը:
8. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
Ես կունենամ ուրախ զգացողություն, որ կարողացել եմ օգնել գոնե մեկ մաքուր հոգի։