Գրականություն 9·Էսսե

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Նախաբան՝
Ես այս էսսեում կխոսամ իշխանական ցանկությունների և ժողովրդի կյանքում նրանց ազդեցության մասին։ Մենք բոլորս գիտենք, որ ներկայումս կարավառությունն է որոշում մեր երկրի և ազգի ճակատագրի մեծ մասը, և որպեսզի այն լինի լավը, կառավարությունն էլ պետք է խելամիտ որոշումներ կատարի։ Եվ կառավարության օրենքներին չենթարկվելուց հին ժամանակներից սկսած մարդկանց պատժում էին։ Մեր օրերին այդ պատիժները այդքան էլ դաժան չեն հին ժամանակների հետ համեմատած։

Հիմնամաս՝
Իշխանական ցանկությունը մարդկային հասարակության զարգացման մշտական ուղեկիցներից է։ Այն ներկայացնում է ոչ միայն իշխանություն ունենալու ձգտումը, այլև վերահսկելու, ղեկավարելու, որոշումներ ընդունելու և հանրային կյանքի ընթացքը բովանդակորեն ձևավորելու ցանկությունը։ Սակայն իշխանությունը այս ցանկությունը պետք է լավ մշակի, վստահ լինի, որ տվյալ օրենքը կամ հրամանը օգուտ կբերի իր ժողովրդին և ամենակարևորը՝ կատարելապես իրականացնի այն։ Սակայն ոչ բոլոր իշխանություններն են հետևում այդ կարգին, ինչը բերում է ցավալի հետևանքներին։ Իշխանական ձգտումը միայն վերնախավի հատկությունը չէ․ այն արտացոլում է նաև ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ։ Ժողովուրդը մասնակցում է հանրային կյանքին և հստակ սահմանում է իշխող ուժի լիազորությունների շրջանակը, կարողանում է զսպել իշխանության բացասական հետևանքները։ Հակառակ դեպքում՝ անտարբերությունը կամ վախը կարող են վերածվել այն հողի, որի վրա աճում են իշխանական չարաշահումները։ Ներկայումս իշխանության ասածը կամ ամեն տված հրամանը կարող է շատ մեծ հետք թողնել ժողովրդի կյանքի կամ երկրի պատմության մեջ։

Եզրափակում՝
Իշխանության ազդեցությունը ժողովրդի կյանքի վրա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ կործանարար՝ կախված նրանից, թե ինչպես է այն օգտագործում իր հնարավորությունները, և որքանով է հասարակությունը պատրաստ վերահսկել այն։ Երբ իշխանական ցանկությունը զուգորդվում է պատասխանատվությամբ, ժողովուրդը զարգանում է։ Երբ այն դառնում է ինքնանպատակ, ժողովուրդը տուժում է։ Վերջնական հաշվով՝ հենց ժողովուրդն է որոշում, թե իշխանական ձգտումն ինչ հետևանք կունենա նրա կյանքում։

Գրականություն 9

Վիլյամ Սարոյան, «Պատերազմը», 04․11

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ, ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածությունը, և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է, ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Առաջադրանքներ:
Ի՞նչ է պատերազմը՝ ըստ հեղինակի և ըստ ձեզ:
Պատերազմը հեղինակի համար կործանում է՝ ոչ միայն քաղաքներ ու նավեր, այլև մարդկանց հոգիները. պատերազմը դարձնում է մարդկանց հանցագործների ու ատողների: Պատերազմը տարածում է ատելություն, և նույնիսկ երեխաները` «զինվորների նման», սկսում են սովորել ու կրկնել այդ ատելությունը:
Մեղավո՞ր էր արդյոք Հերմանը պատերազմի համար:

Ոչ, պատերազմում երբեք ժողովուրդը մեղավոր չէ։ Հերմանը նրանց պես երեխա էր, որը ժողովրդին ոչ մի վատ բան չէր արել, ոչ մեկին չէր ատում, ոչ մեկին չէր ստիպում ժողովրդին կոտորել։ Սակայն երեխաները որոշեցին, որ Հերմանը նույնպես ատելություն էր տարածում և աջակցում էր կայզրին, քանի որ նա էլ էր գերմանացի։
Ինչպե՞ս եք գնահատում տղաների արարքը:

Ես ոչ մի ձեղ չեմ աջակցում տղաների արարքին։ Ըստ ինձ՝ Հերմանը ոչ մի մեղք չուներ իր ազգի վատ արարքների հետ։ Տղաները մտածում էին, որ Հերմանը աջակցում էր և սիրում է կայզրին, սակայն Հերմանը ոչ՛ սիրում էր նրան, ոչ՛ ատում։

Նախագծեր·Գրականություն 9

«Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն»

Бесполезное золото
Жил один царь, привыкший раздавать много золота нищим и бедным. Он делал это ежедневно. После смерти он очутился на небесах во дворцах из золота. Они были обставлены мебелью из золота: золотые стулья, золотые столы — всё из золота, только из золота. Он был счастлив, что эти дары явились ему как хорошо заслуженная награда.
Но немного погодя король почувствовал сильную жажду и сказал людям, что хочет пить. Ему ответили:
— Всё, что ты посеял, должно находиться внутри дворца. Заходи и ищи, если найдёшь.
Но он не мог найти внутри ни капли воды.
Спустя некоторое время он проголодался и опять сказал, но другим людям, что хочет есть. Они ответили:
— Всё, что ты посеял, должно находиться в твоём дворце!
Но король убедился, что всё было сделано из золота, и только золото находилось там. Он почувствовал себя очень несчастным: «Что хорошего в этом золоте? Я голоден! Я не могу есть золото, оно бесполезно для меня».
Тогда он попросил ангела смерти снова дать ему шанс: ещё немного продлить срок человеческой жизни, для того чтобы сделать все необходимые дела. Он также хотел посеять семена для всех других необходимых вещей, чтобы комфортно жить там.
И ему было дано ещё пятнадцать дней. И все эти пятнадцать дней он ходил, раздавал пищу и воду, одежду и другие необходимые вещи нуждающимся.

Թարգմանություն

Անօգուտ ոսկին
Կար մի թագավոր, որը սովոր էր շատ ոսկի բաժանել աղքատներին ու կարիքավորներին։ Նա դա անում էր ամեն օր։
Մահից հետո նա հայտնվեց երկնքում՝ ոսկուց պատրաստված պալատներում։ Պալատները կահավորված էին ոսկե կահույքով․ ոսկե աթոռներ, ոսկե սեղաններ — ամեն ինչ ոսկուց էր, միայն ոսկուց։ Թագավորը շատ ուրախ էր՝ մտածելով, թե իր վաստակած պարգևն է ստացել։
Բայց քիչ անց նա զգաց ուժեղ ծարավ և ասաց մարդկանց, որ ցանկանում է ջուր խմել։ Նրան պատասխանեցին.
— Ամեն ինչ, ինչ դու սերմանել ես, պետք է լինի քո պալատի ներսում։ Մտիր ու փնտրիր, եթե գտնես։

Բայց նա չկարողացավ գտնել նույնիսկ մի կաթիլ ջուր։

Մի փոքր անց նա սով զգաց և ուրիշ մարդկանց ասաց, որ ուզում է ուտել։ Նրանք պատասխանեցին.
— Ամեն ինչ, ինչ դու սերմանել ես, պետք է լինի քո պալատում։

Թագավորը տեսավ, որ ամեն ինչ ոսկուց է, և այնտեղ միայն ոսկի էր։ Նա խորապես վշտացավ․ «Ի՞նչ արժեք ունի այս ոսկին։ Սոված եմ։ Չեմ կարող ոսկի ուտել, այն ինձ համար անօգուտ է»։

Նա խնդրեց հրեշտակին նորից հնարավորություն տալ իրեն՝ մի փոքր երկարացնել իր մարդկային կյանքը, որպեսզի հասցնի անել անհրաժեշտ գործերը։ Նա ուզում էր սերմանել նաև այն ամենը, ինչ իսկապես պետք է մարդու կյանքին, որպեսզի այնտեղ կարողանա արժանավայել ապրել։

Եվ նրան տրվեց ևս տասնհինգ օր։ Այդ բոլոր տասնհինգ օրերի ընթացքում նա շրջում էր և բաժանում սնունդ, ջուր, հագուստ ու մյուս անհրաժեշտ իրերը կարիքավոր մարդկանց։

Նախագծեր·Գրականություն 9

Կարդում ենք, թարգմանում, փոխադրում․ 16․10

1․ Մասնակցի՛ր «Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն» նախագծին՝ ընտրելով առաջարկվող աշխատանքներից որևէ մեկը։
2․ Կատարած թարգմանությունդ, փոխադրությունդ՝ գրաբարից կամ հայրերենի որևէ բարբառից, հրապարակի՛ր բլոգումդ։

«Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն»
3․ Կարդա՛ գրաբարով կամ բարբառով, ձայնագրի՛ր ընթերցանությունդ։

Գրականություն 9

Կարդում ենք և քննարկում

1․ Կարդա՛  «Արհեստագործ» ամսագրի հրապարակումները։
2․ Քեզ դուր եկած ստեղծագործությունները առանձնացրո՛ւ և գրի՛ր մեկնաբանություն համապատասխան նյութի տակ։

Աշնան մեղեդին։ Անահիտ Գրիգորյան
Ծաղիկներն իմ կյանքում։ Միլենա Մարկոսյան
3․ Բլոգումդ վերլուծի՛ր դրանցից մեկը։

Աշնան մեղեդին։ Անահիտ Գրիգորյան
Տեքստում ներկայացված է աշնան բնապատկերը՝ որպես բնության հոգևոր երաժշտություն։ Հեղինակի համար աշունը պարզապես տարվա եղանակ չէ, այլ՝ զգացմունքային և խորհրդավոր երևույթ է, որն իր մեջ միավորում է խաղաղություն, թախիծ և գեղեցկություն։ Աշունը բնութագրվում է իր գույներով (ոսկեգույն, կարմիր), իր ձայներով (տերևների խշշոց, անձրևի կաթկթոց, թռչունների ձայն) և իր ներքին մեղեդիով, որը լսելի չէ, բայց զգացվում է հոգով։ Գլխավոր գաղափարն այն է, որ բնությունը կենդանի է և խոսում է իր երաժշտությամբ, իսկ աշունը այդ երաժշտության ամենազգայական ու նուրբ կատարումն է։
4․ Դասարանում քննարկի՛ր դասընկերներիդ հետ։

Նախագծեր·Գրականություն 9

Կոմիտասի «Կռունկը»՝ ցավի և հույսի միախառնությունխ

Խմբային աշխատանք՝ առաջարկվող թեմաներից ընտրել մեկը, ուսումնասիրել և պատրասել սահիկաշար

Խմբային աշխատանք Եվա Գրիգորյանի, Եվա Մարտիրոսյանի, Արմինե Ենգիբարյանի, Էմիլի Ներսեսյանի և Ինգա Պետրոսյանի հետ
Ահա սահիկաշարը

Գրականություն 9

Գրականություն. 07.10

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 
2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Ի՞նչ…
Կոմիտասն ասում է՝ կյանքը հոսում է մահվան ու սիրո միջև, ջրի ու հրի նման։ Անցյալը միշտ իր հետ բերում է տխրություն, բայց հենց այդ անցյալի ցավից է ծնվում նոր լույսը։
Քո երազում

Բանաստեղծությունը կարծես սիրո երազ, բայց նաև աղոթք լինի։ Կոմիտասի համար սերը միշտ շատ կարևոր և լուրջ բան էր։ Նա գրում է այն զգացմունքների մասին, որոնք միավորում են հոգին բնության ու Աստծո հետ։
Անմար սեր

Կոմիտասը երկու ճանապարհ է դնում մարդու առաջ՝ չսիրել և այրվել դժոխքի կրակով, կամ սիրել և հանգչել վարդերի դրախտում։ Սա նրա բանաստեղծական աշխարհահայացքն է՝ սերը միաժամանակ ցավ է ու փրկություն, բայց միակ իրական ուժն է, որ արժե ապրել։
3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 
4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։ 

Գրականություն 9

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։
1. Կարդալ պատմվածքը։
2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ցնցոտի — պատառոտված, մաշված հագուստ
Որոճել — ծամել
3. Ինչպիսի հակադրություններ կային պատմվածքում։
4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

Հարուստների աշխարհում բոլորի սրտերը փակ էին, նյութապես ապահով։ Բոլորը անտարբեր էին որբ երեխայի հանդեպ, կոպիտ էին վերաբերվում իրենցից ավելի ցածր մարդկանց հետ։ Արտաքինից շքեղ էին, սակայն ներսում տհաճ և չոր։ Երեխայի աշխարհում էլ ամեն ինչ ուրիշ էր։ Նրա մոտ միայն մենակություն, սով և ցուրտ էր։ Նա սովոր էր արդեն մարդկանց իր հանդեպ անտարբեր լինելուն։ Իսկ հովվի աշխարհում համեստ կյանք և իր սիրելի ընտանիքն էր։ Չնայաց նրա նյութական վիճակի, նա միևնույնն է ընդունեց անծանոթ երեխային իր ընտանիք և նրան մտերմացրեց ուրիշ անդամների հետ։

Գրականություն 9

Մի հին չինական զրույց․23․09

Ավետիք Իսահակյան

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նագանգների մեջ անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։ Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Առաջադրանքներ։
1․Գրավոր վերլուծիր պատմվածքը և ցուց տուր հեղինակի հիմնական ասելիքը։
Կայսրը պատկերված է որպես մարդասեր ու անկեղծ մտադրությամբ առաջնորդ․ նա տեսնում է, որ ժողովուրդը տառապում է ծանր, սև գլխարկների տակ, և որոշում է նրանց օգնել՝ պարտադրելով թեթև, սպիտակ գլխարկ կրել։ Նրա մտադրությունը բարի է, սակայն չմտածված և հեռատեսությունից զուրկ։ Հրամանագիրը, որը ի սկզբանե պարզապես հագուստի փոփոխության մասին էր, անցնում է իշխանական ողջ աստիճանակարգով՝ կայսրից մինչև գյուղապետ։ Յուրաքանչյուր մակարդակում այն վերածվում է ավելի խիստ ու բռնի միջոցառման։ Ոստիկանները, պաշտոնյաները, գործակալները ոչ թե հոգում են ժողովրդի մասին, այլ գործում են բռնությամբ, ծեծով, տուգանքով, բանտով և նույնիսկ գլխատումներով։ Այսպես բարի միտքը ի վերջո վերածվում է դաժանության։ Հեղինակի ասելիքն այն է, որ յուրաքանչյուր բարեփոխում կամ նոր օրենք պետք է ծնվի ոչ թե վերևից իջեցված բռնի հրամանի տեսքով, այլ ժողովրդի իրական կարիքներին համապատասխան ու մարդու արժանապատվությունը պահպանելով։ Հակառակ դեպքում՝ նույնիսկ ամենա «մարդասիրական» օրենքը վերածվում է բռնապետության գործիքի։
2․Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները , գրիր դրանց իմաստները։
3․ Դո՛ւրս գրիր հնգական գոյական։ Որոշի՛ր գոյականների թիվը, հոլովը, նախադասության մեջ ունեցած պաշտոնը։

Կայսրն — եզակի, ուղղական, նախադասության ենթակա
քաղքաքապետերին — հոգնակի, սեռական,
հրամանն — եզակի, ուղղական,
նահանգների — հոգնակի, սեռական,
օր — եզակի, ուղղական, ժամանակի պարագա
4․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ածականները, որոշի՛ր տեսակները և կազմությունը։

Որակական՝ վերջին, շատ, ծանր, սև, թեթև, սպիտակ, մեծ, նոր, տաք, զարհուրելի, լուսավոր, գոհ, երջանիկ, դաժան, խիստ, սարսափելի, սովորական, արքայական, մռայլ
Հարաբերական՝ հեռավոր, ծանրաբեռնված, դժվարին, աստվածային, մարդասեր