Գրականություն 7

Չարենցի՝ մորը նվիրված բանաստեղծությունները

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Մայրը լռությանն և տխրության մեջ հիշում էր իր կորած որդուն։
2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։

Հեղինակի մայրը արդեն ծեր կին էր։ Նրա մայրը հիշում էր իր որդուն և կարոտում էր նրան։ Մայրը շատ տխուր և լուռ էր, քանի որ նրա որդին նրա հետ չէ։
3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։

Իմ կարծիքով որդին ուրիշ տեղ է գնացել և ապրում, մայիս հեռու։ Մարդիկ երբ մեծանում և հասունանում են, սկսում են տեղափոխվել և ապրել մենակ։
4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։

Թթնենին իր համար խորհրդանշում էր մանկություն: Նա այդ թթենին փոքրուց էր հիշում։
5․Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը /ըստ քո անցած խոսքի մասերի/:

արցունքներ դառնաղի
դռներ է ծեծել
լույս խորշոմներ
գրկում հեծեծել

Հայոց լեզու 7·Նախագծեր·Գրականություն 7

Ձոն ստուգատես

Ընթացքը
Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին։ Փորձել ստեղծագործել՝ գրելով չափածո կամ արձակ որևէ ստեղծագործություն, թեկուզ քառատող՝ ձոնված մայրերին: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, նամակ՝ ուղղված մայրիկին։

Ծնվածս օրվանից մայրս այնտեղ է եղել, որպեսզի հոգ տանի իմ մասին, դաստիարակի ինձ և առաջնորդի ինձ կյանքում: Նա միշտ իմ կարիքներն ու բարեկեցությունը վեր է դասել իրենից՝ զոհաբերելով իր ժամանակն ու ցանկությունները՝ ապահովելու համար, որ ես ունենամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Իմ մայրիկի մեջ ամենաշատը հիացած բաներից մեկը նրա անսասան համբերությունն ու տոկունությունն է: Նա իր կյանքում բախվել է անթիվ դժվարությունների, բայց միշտ տոկացել է շնորհքով ու արժանապատվությամբ: Դժբախտությունները հաղթահարելու և դժբախտությունների ժամանակ դրական մնալու նրա կարողությունը իսկապես ոգեշնչող է ինձ համար: Ես նրանից շատ բան եմ սովորել, և ես շնորհակալ եմ այն օրինակի համար, որը նա թողեց ինձ համար: Բացի սիրող և աջակցող մայր լինելուց, մայրս նաև իմ լավագույն ընկերն է: Մենք կիսում ենք հատուկ կապ, որը չի կարող հեշտությամբ արտահայտվել բառերով: Ես գիտեմ, որ ես միշտ կարող եմ հույս դնել նրա վրա, որ նա ինձ հետ կլինի, անկախ ամեն ինչից: Նա իմ վստահելի մարդն է, իմ ուրախացնողը և իմ ամենամեծ փաստաբանը, և ես իսկապես օրհնված եմ նրան ունենալ իմ կյանքում: Եզրափակելով, մայրս արտասովոր կին է, ով ինձ ձևավորել է այնպիսին, ինչպիսին ես եմ այսօր: Նրա սերը, ուժը և համբերությունը ինձ ոգեշնչում են լինել իմ լավագույն տարբերակը։ Ես գնահատում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը և հպարտ եմ, որ նրան մայրիկ եմ անվանում: Ես սիրում եմ նրան ավելին, քան բառերը կարող են արտահայտել, և ես միշտ շնորհակալ կլինեմ այն անսահման սիրո և աջակցության համար, որը նա տվել է ինձ:

Գրականություն 7

Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02

1.Ուշադիր կարդա «Տաղարան» շարքի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկ բանաստեղծություն և սովորի՛ր անգիր:
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
2. Շարքից ընտրի՛ր ևս մեկ բանաստեղծություն, փորձիր վերլուծել, գրել քո կարծիքը. ի՞նչ հասկացար:(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազար ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։
Տվյալ տաղի մեջ, ներկայացված է, թե ինչքան դաժան են վերվել Հայաստանի հետ։ Եթե Հայաստանին ցավ են բերել, կրկին կբերեն, կապ չունի ով, թե ոնց։ Թե ինչքան մարդ է զոհվել, երբ մենք պայքարում էինք մեր երկրի համար, միևնույն է, կրկին շատ մարդ կզոհվի։ Տաղի մեջ ասվում է, որ հենց Հայաստանի օրոք մենք հիմա ունենք մեր լեզուն և գիրը, հենց Հայաստանի օրոք հիմա մենք ունենք այսքան գրեր, ստեղծագործություններ և մեր պատմությունը։
3. Ուշադրություն դարձրու Չարենցի լեզվին. ի՞նչ պատկերավորման, արտահայտչականության միջոցներ է նա գործածել Տաղարան շարքում, առանձնացրո՛ւ դրանք:

Գրականություն 7

Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02

1920-1921թթ․

[ էջ 49 ]

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց:

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]

* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազար ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

—————————-

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

[ էջ 55 ]

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Գրականություն 7

Հովհաննես Թումանյան, «Եղջերուն». 20.02

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են գալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։ Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. ա՛յ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ, Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։ ― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։  — Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

— Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

— Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։* * *

Ամենքը քնեցին, ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։

Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․* * *

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի,— ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։ — Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,— հայտնեց որսկան Օսեփը։* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Կարդա՛ պատմվածքը դասարանում, իսկ շարունակությունը ավարտի՛ն հասցրու տանը: Կատարի՛ր ստորև դրված հարցերն ու առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ
1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:

Հեղինակը որսի էր գնացել որսկան Օսեփի և Հովակիմ բիձու հետ։
2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:
3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

Օվակիմ բիձան որոշեց գնալ որսի, այնտեղ նա եղնիկի ձագին կրակեց, իսկ երբ տուն եկավ նրա թոռը մահացավ։
4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:
5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:
6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:

Բնության մեջ ամեն ինչը գեղեցիկ է մի բանով, բայց իմ կարծիքով կենդանիները բնությունը ավելի գեղեցիկ և քնքուշ են դարձնում։
7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:
8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

Որսկան Օսեփը, երբ եղնիկի ձագին սպանեց, տուն վերադարնալուց նրա թոռը մահացավ։ Մարդիկ այդ ժամանակ այդպիսի բաները կապում էին որսորդության հետ և մտածում էին, որ որսորդությունը անիծված է։
9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:
10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:
11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

Նրանց ապրում էին սարերում, և որսորդությունը նրանց համար նորմալ բան էր, բայց հեղինակը սովոր չէր որսորդության։
12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ կենդանիներն էլ կարող են ցավ զգալ, պետք չէ առհամարել նրանց ցավը և կյանքը։
15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

պնդոց — ժայռի մեջ բացված խորություն, որտեղ մտնելն ու դուրս գալը շատ դժվար է
բուղա — ցուլ


Գրականություն 7

Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը, 22․02-26․02

Կարդալ պոեմը և պատրաստվել քննարկման։

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…
    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։
— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…
IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։
Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։
Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։
Գրականություն 7

Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ», 12․02․2024

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։

Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը։

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։

Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։

Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։

Ա՛յ տղա, ասի՝ արջ է։

Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։

— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե՝ դե՜, լավ։

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։

Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։

Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։

Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։

Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։

Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։

Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։

Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ աճած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։

Թե՝ դու գիտես։

Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։

Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Արջը խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է կպցնում, երկու ոտնանի մարդու նման է գնում, ոնց որ մարդ լինի։
2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Ավագն ու իր ընկերը մի ածխակոթ վեցրեցին և վազեցին արջի վրա։ Արջին հարվածելով և հետ տանելով, վերջը արջը շատ է մոտենում ձորի ծայրին, թողնում, փախչում։
3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Ավագը գնաց դեպի տուն, որպեսզի հրացանը բերի։
4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։

Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում թփի տակից մեկը ֆրթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Պարզվում է, որ նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց հրացանի ծայրը արջի վրան ընկներ, կրակեր, արջին սպաներ։ Բայց արջը գլխի էր ընկել, չէր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթով հարվածեց, հրացանը բաց թողեց։
6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագը արջից։

Ավագի ընկերը ձև արեց, որ չի շնչում, և մինչև արջը քոթուկ էր փորձում պոկել Ավագի ընկերը փորսող տալով գնաց և փրկվեց արջից։
7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․ գրի՛ր։
8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Գրականություն 7

«Գելը»

1
Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։
Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։
Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները
կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա,
ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու
օթախը։
Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն
ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։
Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։
— Գել է,— միաբերան բացականչեցին գյուղացիք։
— Ընչի՞ց եք իմանում,— հարցրի ես։
— Գիլահաչ են տալի, աղա։
— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՛՛թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։
Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա
ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․
Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ
ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղացիք դուրս թափեցին։
2
Գյուղիցը դուրս գիշերվա մթնում լսվում էր խուլ աղմուկ։
Ես մենակ էի մնացել։ Տան կնանիքն էին միայն դռան առջև հավաքված վաշ ու
վիշ անում։ Միջների պառավն անիծում էր․
— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր։
Ու մրմնջում էր «Գիլկապի» աղոթքը։
«Ալալոս,
Գալալոս,
Գելը կապեմ երկու բըթով,
Երկու բըթով, երկու մատով,
Աստվածածնա քաղցր կաթով,
Սուրբ Սարգսի ձիու ձարով,
Նահատակաց կարմիր քարով։
Գիլի ճամփեն մոլոր անեմ,
Գիլի ատամ խըմոր անեմ,
Ոտները թուլ,
Ականջը խուլ․․․»
Ու կրկնում էր․
— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր․․․
— Էն ի՞նչ է, նանի,— հարցրի ես, թեև համոզված էի, որ, գել էր։
— Գել է, որդի, գել։ Ոչխարը սարից գեղն են բերել— ետևիցն եկել է։
3
Վերջապես խառնիխուռն, բարձր-բարձր խոսելով ու ծիծաղելով, եկան
գյուղացիք։
— Աղա, բա որ ասի՞նք։ ― Ուրեմն գե՞լ էր։
Ինձ պատասխան տալու փոխարեն առաջ բերին մի թխադեմ 17—18 տարեկան
պատանու։
— Այ տղա, Սիմոն, էդ ո՞նց էլավ։
— Այ տղա, դե էն ա, ոչխարը բերում էի, տուն անեմ։ Բերի գեղին մոտեցրի, մին
էլ տեսնեմ ոչխարը դեսուդեն խախալ-խախալ է անում․ շունն էլ հա է անում, թե
ոչխարի մեջն ընկնի։ Հենց էս ժամանակը շները թփի տակիցը մի գիլի վեր կալան ու
ետևիցը լարվեցին։
— Հասի՛ հա հասի՛, բռնի՛ հա բռնի․․․
Մին էլ տեսնեմ ոչխարը կտրկան էլավ ու փախս առավ։ Ետ մտիկ տամ, որ մի անտեր
գել էլ մի ոչխարի բռնել է, հետը կողք-կողքի ընկել ու պոչով ետևիցը քշում է, ոչխարն
էլ հետը չափ ընկած գնում է, ոնց որ հարսանիքի ձիավոր ըլի․․․
— Հա՜յ հա հա՜յ․․․— շուռ եկա դեսը։ Թվանքը որ տրաքեց, սա ոչխարը թող
արավ փախավ։
— Անտերը ոչխարի միջին տապ արած է էլել, հա՛,— նկատեց քեռի Անդրիասն
ու դարձավ դեպի ինձ։— Էդպես է դրանց սովորությունն, ա՛ղա։ Էգ ու որձ գնում են։
Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում կամ եթե աջողեցնում է՝ հենց ոչխարի միջին է
տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում
փախչում։ Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է։
Շատ անգամ էլ ոչխարը տանում է պահում ու ետ գալիս ընկերին օգնության։ Ուստա
չոբանը փախած գիլի ետևից գնալ չի, գիտի, որ ետնուց վտանգ կա պատրաստած։
— Սա էլ է լավ ժաժ եկել,— գովեցի ես պատանի հովվին,— կարողացել է գելի
բերանից անփորձանք ազատել ոչխարը։
— Գիլի բերանից անփորձանք ոչխար ազատիլն ինչպես կլինի, աղա,— խոսեց
պատանին։— Գելը տեսավ, որ ոչխարը ձեռիցը գնում է, մինչև իմ հասնելը մի ռխելում
ոչխարի դմակը պոկեց տարավ։
— Հա՛, էդպես է,— դարձյալ մեջ մտավ տանտերս։— Գելը ոչխարին հասավ թե
չէ, եթե տանելու հնար չկա, դմակին կտա ու մի տալումը դմակը կպոկի։
— Տավարին էլ հասավ թե չէ՝ բողազիցը կբռնի, քեռի Անդրիաս,— մեջ մտավ մի
տավարած։
— Տավարին էնքան էլ հեշտ չի,— պատասխանեց քեռի Անդրիասը։—
Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է,
որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է․ իսկույն բոլորը հավաքվում են, քամակքամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում․․․
— Տավարը հեշտ է շաղվում, քեռի Անդրիաս, ու հեշտ էլ գիլի փայ է դառնում։ ՜ն,
ինչ ձի՛ն է անում գիլի հետ, ոչ մի անասուն չի անիլ։
Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փռնչացնում, ու
ձեռաց բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ։ Մադիանները իրենց քուռակները
մեջտեղն են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները, դեպի ներս,
քամակները դեպի դուրս— գելերի կողմն արած՝ քացիները պատրաստի։ Ու աստուծ
հեռու տանի, թե մի գել մոտեցավ։ Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ
ձին է։ Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում։ Բաշը թափ տալով ու
փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու
առաջն ընկած՝ գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով
փռում գետին։
Եթե մադիանը մենակ է, քուռակը դոշի տակն է առնում ու կանգնում։
Մենակ ձիու էս կողմն, էն կողմն է թռչում գելը ու հանկարծ վրա է թռչում բողազիցը
բռնում կամ մի զարկով փորը պատռում։ Երբեմն քնթիցն էլ է բռնում, շունչը
կտրացնում։ Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև թե վախենում
է. ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Հանկարծ ետ է
դառնում ու բռնում։
— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու
ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե
հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում
ուտում… Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է
ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց
տվի ես։
— Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է, աղա,— պատասխանեց
քեռի Անդրիասը։— Բայց հիմի սկսվում է գիլի դժար ժամանակը։ Ձմեռը գալիս է,
անտառի որսը դժարանում է, ապրանքը սարից ցած է գալիս՝ տուն է մտնում։ Գիլի
ապրուստը կտրվում է։ Սովը որ նեղացնի՝ գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ։ Սովի ձեռիցը
ձմեռը գալիս է շեմքիցը շուն է տանում լափում։ Մուկն է որսում։ Ծառի փթռակ է
ուտում, իր լակոտն է ուտում… Դե, սովն է պատճառն, էլի, որ ձմեռը միանում են,
բոլուկ (ոհմակ) են կազմում, որ ուժեղ լինեն, միասին հարձակվեն․․․
Ձմեռը դեռ էլի մեզանում, մեր սարերում, մեր անտառներում մի բան է ճարվում,
նապաստակներ են կամ ուրիշ մանր-մունր կենդանիներ։ Վերջապես եղնիկների ու
եղջերուների ետևից են ընկնում, քշում են դեպի սառած գետերը։ Տանում են սառույցի
վրա ճղատում— ու վրա են հասնում խեղդում, ուտում։ Բայց էն ինչ դաշտ տեղերն են,
որ դրանք էլ չկան, գելը սովից ավելի համարձակ ու վտանգավոր է դառնում։ Շատ
անգամ կատաղում է։ Ու դաշտ տեղերը մարդկանց վրա էլ է հարձակվում ու վնասում։
— Տղեք, դե խոսքն էստեղ ինձ տվեք,— էն կողմից խոսեց շորագյալցի Ավոն և
սկսեց իր պատմությունը։
— Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգավոր է, քան սար
տեղերում։ Մեզանում գելերը ձմեռվան գիշերը, գալիս են գեղի մեջը ման գալիս։
Շներին պահում ենք, որ չտանեն—չուտեն։ Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է
մենակ ճանապարհորդելը, մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ։ Այ, ձեզ պատմեմ
իմ գլխին եկած մի դեպք։
Ծիրան անունով մի եզն ունեինք։ Մի ձմեռ էս եզը կորավ։ Ախպերս ինձ ղրկեց
ման գալու։ Ես էլ էսպես 16—17 տարեկան ջահել տղա եմ։ Գնացի գեղի չորս կողմը
ման եկա ման— չգտա։ Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի։ Ասի՝ եզը սովոր
է, կարելի է էդ կողմն ըլի գնացած։ Գնացի էդ գոմահանդը։ Գնացի, էս գոմը նայեցի, էն
գոմը նայեցի, վերջը տեսնեմ՝ դրուստ որ եզը մի գոմումն է։ Եզը դուրս արի– դուրս գամ
տեսնեմ՝ արդեն մութն ընկնելու վրա է։ Սիրտս մի ահ ընկավ։ Տեսնում եմ, որ լուսով
չեմ կարող գեղը հասնեմ։ Մտածում եմ՝ գնա՜մ-չգնա՜մ։
Ի՞նչ անեմ․․․
Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա․ ձեռիս էլ՝ մի ճիպոտ
ու մի դանակ։
Ի՞նչ պետք է անեմ։ Աստծու անունը տվյի, եզն առաջս արի քշեցի։ Մի քիչ տեղ
անց էի կացել, հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ
ականջովս։ Կանգնեցի, ականջ դրի․․․
Տեսնեմ՝ գիլի ոռնոց է․ ո՜ւո՜ւ․․․
Ո՜ւ․․․ Էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը, ու սարսափով լցվեց դաշտը։
Մտիկ տամ, որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի
բազմություն է շարժվում․․․ Էլ ի՞նչ, ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են— սոված
բոլուկ է․․․ Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՜նց եմ քշում, վազում եմ, ո՜նց եմ
վազում․․․ Ետ նայեմ, որ արդեն գալիս են։ Եզը թող արի փախա, ընկա գոմը։ Ընկա
գոմը, բարձրացա սների գլխներին․ գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՜․․․
― Հա՛, իմանում ենք, կոնգերի վրա։
— Հա՛, էդ կոնգերից մեկին վեր էլա։ Դեռ չէի տեղավորվել― մին էլ տեսնեմ,
եզանս գոռոցը բարձրացավ։ Զարմանք բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի
երկու րոպեուը՝ կտրեցին ու հասան։
— Վա՛հ, գիլի ոտին ինչը կհասնի,– խոսեց քեռի Անդրիասը։— Էն սարի գլխիցը
որ մի բան նկատեց՝ մին էլ կտեսնես կողքիդ դուրս եկավ։ Դրա համար են ասում, էլի,
թե գելն ազրեիլ է։
— Հա՛, էն էի ասում,— շարունակեց շորագյալցի Ավոն։ — Եզանս գոռոցը
բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ։ Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի
ժնգժնգոցն եմ լսում ու լսում եմ՝ ոնց են լափում․․․
— Վա՜յ Ծիրան ջան․․․— դուրս թռավ սրտիցս։ Բայց ի՞նչ Ծիրանի ժամանակն
է։ Ես իմ գլուխն եմ լաց ըլում։ Մտածում եմ թե՝ էս լավ էր, եզնովը կըլեն մինչև
կլուսանա, կամ կկշտանան ու կգնան, կամ, ասում եմ, ինձ չեն գտնիլ․․․ Դու մի ասիլ՝
սոված գիլի բոլո՜ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հախռել են, ու մին էլ
տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց
արած…
Գտան…
Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում։ Ես էլ չորացել եմ
մնացել վերևր գերանին կպած։ Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին։
Շունչս ետ եկավ։ Ասի․ «Փառքդ շատ ըլի, աստոծ, էս էր՝ ազատվեցի…»։
Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ի՞նչ եմ լսում։ Իմ ուղղությամբ վերևից
կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի։ Արդեն լսում եմ՝ չանգերը կոճերին
են դիպչում…
Սառը քրտինքը վրա տվեց… Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի
վրա կուչ եկա։
Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ։
Էլի եկան ներքև։ Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ․ ետ դուրս գնացին։ Հիմի
էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։
Դարձյալ տեղս փոխեցի։ Էսպեսով՝ նրանք քանդելով, ես տեղս փոխելով՝
հասանք վերջին կոնդին։ Էլ ո՞ւր գնամ։
Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին։ Քանդում են, ո՜նց են քանդում…
Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռքիս բռնած՝
մտքումս աղոթք եմ անում․— Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը…
Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են։ Քանդելով հասան կոճերին։ Հասան կոճերին,
մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի։ Թաթը բռնեցի ու էն սուր
դանակովը զըռթ կտրեցի… Թաթը փախցրեց, ոռնալով, կոնծկոնծալով ետ գնաց, ու
կտերն իրարով անցան։ Իմացել Էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց՝ մյուսները վրա
են թափում նրան ուտում։ Ասի՝ ուրեմն սրան ուտում են։ Հիմի սպասում եմ, որ սրան
կուտեն կպրծնեն ետ կգան։ Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ։
Ականջս ձենի է։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձեն եմ լսում․
— Ավո, հե՜յ…
Ինձ են կանչում…
— Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում… Մի՞թե ախպերս է… Մի՞թե մերոնք են…
Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ․
— Աղանիկ, հե՜յ… Էստեղ ե՜մ… Գոմումն ե՜մ… Գելերն ինձ ուտում ե՜ն…
Օգնեցեք, հե՜յ…
Էլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ։
Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի
կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի
տղերանց ամեն մեկի ձենը։
— Ավո, հե՜…
— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ… կենդանի ե՜մ…
Ներս թափեցին գոմը։
— Փառք քեզ, աստոծ… Փառք քեզ, աստոծ,— ուրախացած ու զարմացած
կանչում են ամենքը։ Ցած եկա վերջին կոնդի վրից։ Ախպորս գիրկն ընկա ու սկսեցի
հեկեկալ։ ― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր,–
կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերին դուսը, ուր թափված էին մեր Ծիրան
եզան ոսկորները։
Դեռ լուսը չէր բացվել։
Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը։
4
Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի)
վրա։
Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը
ոհմակ են կազմում,— բացատրում էին գյուղացիք։
Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛
հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։
Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն
մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։
Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։
Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի
ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Էդ
ժամանակ, ասում են, գելերը իրենք էչ են իրարից վախենում։ Երբ ոհմակով մի տեղ
կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար
երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ
ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում
իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։
Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն
չունեն։
Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճսմփա
կկտրի Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։
Ասում են։ Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի
սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի
տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է
նստած։
Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից
տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի
միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։
Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ
խորամանկ։
Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է— չի հարձակվիլ։ Ուրիշ
բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց
սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։
Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում էր․ մի տարի թակարդ էի
սարել։ Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է
ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։
Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին
տալով փախավ։ Հա՛յ հա հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը
ստամեռնուկ տված է եղել։
Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում— ծլլաշարուկ, ու
միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն
ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց
անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի
կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի
կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։
Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի,
թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա։
Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի
սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բարձր
ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։
Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ
երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ
հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի
կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։
Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։
5
Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, առաջինը խոսեց իմ
տանտերը, քեռի Անդրիասը։
Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա։ Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն
է, որ կա։ Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում։ Էդ ծմակումը մի թալա
(անտառումը բաց տեղ, բացատ) կա։ Էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են
Գիլի թալա։
Մի ձմեռնամուտ իրիկուն սարի գոմերիցը տուն եմ գալի։ Հակառակին էլ էս
Ստեփան տղես էլ հետս է, ինը-տասը տարեկան երեխա է։ Որ եկանք էդ թալի դիմացը,
մի շան ձեն ընկավ ականջովս։ Ասի՝ ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի
շունն է հաչում։ Ձեն տվի․
— Ա՜յ չոբան, հե՜յ…
Էս ձեն տալն էր, էլի։
Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ՝ էդ ծմակիցը գիլի տուտը
բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան…
Դու մի՛ ասիլ, հաչողը գել է եղել։ Ախր չէ որ գելն ոռնում է, բայց շանից հաչել է
սովորում ու շատ անգամ էլ հաչում է։
Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի (ոհմակի) վրա թվանք չեն
գցիլ․ թվանք գցես թե չէ՝ ավելի կատաղի վրա կտան։
Երեխեն թե՝ ապի, էն ի՞նչ են։
Ասի՝ վախիլ մի՛, քեզ մատաղ, ղոչաղ կաց։ Արի օգնի էս խաշամն (չոր տերևը) ու
չոր ճյուղերը հավաքենք։ Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու
կրակ տվի, բոցը ծուլ էլավ։ Մոտկորա ծմակը լիքը փետ։ Մինչև սրանց հասնելը վրա
տվի, թեժ արի․ բոցն էլավ ծառերի ծերը։
Սրանք եկել են, ի՜նչքան են եկել, չորս կողմներս կտրել են, հեռու կանգնոտել
ժնգժնգում են ու ատամները չխկչխկացնում։ Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի
(ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են։ Մարդ մտիկ անելիս զարզանդում է։
Երեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում։
— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ… լաց մի՛ ըլի, որ լաց
ըլես— կգան մեզ կուտեն…
Երեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում…
Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը։ Ի՞նչ անեմ։ Հույսս դրել եմ
կրակի վրա։ Էն էլ փետը հատնում է, երեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի
քիչ հեռանամ, փետ բերեմ՝ կրակին վրա տամ։
Մոտիկ մի ցցչորի ծառ կար։ Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի
կտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ,
կարմիր լուսն ընկել է ամբողջ ձորը։
Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպերխ էս ծորումը, էս
ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի։
Մտածում են, մտածում ու ձեն են տալի։
Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է։
Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք։
Ձեն տվի․
— Շամիր, հե՜յ… գիլի բոլուկ է․ չորս կողմս կտրել են… երեխեն հետս է…
օգնեցեք, հե՜յ…
Հենց էս կանչելն էր։ Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին, — Վախիլ մի՛ք,
վախիլ մի՛ք, գալիս ենք, հե՜յ…
Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին
կանչում։
— Թոբլան, հե՜յ, Ղայթար, հե՜յ, Չամբար, հե՜յ, Չալակ, հե՜յ․․․
Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը։
Էստեղ երեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ։
— Վախիլ մի՛, Ստեփան շան, վախիլ մի՛, հրես կգան։
— Տղե՛ք, էս մեր Շամրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ։ Մին էլ
տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց։ Սրա ետևից մնացած շները, շների
ետևից կրնկակոխ չոբանները։ Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը
դրմբացնում է։ Մին էլ Ստեփանս թե՝ «Ապի, գելերը փախչում են»։
Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաշն
ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից։
Էլ գելն ո՞վ կտա։ Ծմակի մթնումը կորան, գնացին։
Տղեքն եկան։
— Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր։
— Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես․․․
Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը
խմբով եկանք տուն։
Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ։ Կրակը մեզ ազատեց,— վերջացրեց խոսքը
քեռի Անդրիասը։
6
— Ուստա Սարգիս, հիմի քո պատմությունն արա,— էս ու էն կողմից ձեն տվին
գյուղացիք,— Շորագյալից գալիս ոնց էլա՞վ։
— Էլ ի՞նչ ասեմ, դե գիտեք էլի,— պատասխանեց ուստա Սարգիսը։
— Մենք գիտենք, ամա աղեն գիտի ոչ։
— Պա՛տմի, ուստա Սարգիս, պա՛տմի լսենք, տեսնենք Շորագյալի ճամփին քեզ
հետ ի՞նչ է պատահել,— խնդրեցի ես։
Ուստա Սարգիսը զուռնաչի էր։ Թինկը տված չիբուխ էր քաշում, վրա նստեց ու
սկսեց պատմությունը․
— Շորագյալի ճամփին պատահած պատմությունն էսպես է, աղա ջան։
Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն
ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք
Շորագյալա գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը
կառավարվենք։
Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ
մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է։
Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք։ Բավական ցորենգարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր
տներր։
Գիտեմ ոչ, Շորագյալ եղել եք, թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա․ էդ գեղիցը
դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ։ Եկանք, ճամփին մութն ընկավ։ Ծնկահար
ձյուն․ ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում։ Ճամփեն էլ լավ չգիտենք։
Գնա, թե պետք է հասնես Արթիկ։
Էս մեր Դավիթն առաջին էր գնում։ Մին էլ, թե՝ տղերք, եկեք, որ գեղը գտել եմ։
— Այ տղա, ո՞ւր է։
— Թե՝ հրեն ճրագները երևում են։
Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ, հեռվում շատ ճրագներ են երևում։ Միայն
ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում։
Ասի՝ տղեք։
Թե՝ ինչ է։
Ասի՝ էս գեղ չի։ Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ,
ճրագները չեն երևալ, մին էլ որ՝ էս ճրագները որ տեսնում եք՝ ման են գալի։
Թե՝ բա էս ի՞նչ են։ Ասի՝ գելեր են։ Գիլի բոլուկի (ոհմակի) բերան ենք ընկել,
պատրաստվեցեք։ Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը— էլ վախենում է, թե ինչ, մոտ չի
գալի։ Զուռնա-դհոլը սարքեցե՛ք։ Էս խոսքումն ենք, տեսնենք ճրագները մոտենում են,
մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ
շրջապատէն։ Էնքա՜ն են, էնքան են, որ է՛լ հաշիվ չկա։
Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը՝ դը՛մբ հա դը՛մբ,
կեսգիշերին էս վերանա դաշտումը ածում ե՜նք։ Զուռնա–դհոլի ձենը վեր ելավ թե չէ՝
էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված։
Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՜նչ ոռնոց։ Զուռնի հետ ձեն ձենի են
տվել, ոռնում են։
— Վայ ծիծա՜ղ,— էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք։– Ուստա
Սարգիս, լավ է՝ ծիծաղներդ գալիս չէր։
— Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր․ դանակ տայիր՝ արյուն չէր
կաթիլ։
— Ետո՞, ետո՞․․․
— Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ։ Մենք ածելով գալիս ենք,
սրանք էլ չորս կողմներս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են։
Կարծես պար են գալիս։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ, էսպես գնալով գիշերվա մի
ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու։ Էս հաչոցի վրա մի քանի
շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս
եկան։ Մարդկանց ձեները հասնում է մեզ։
Ուրախությունից զուոնա-դհողի ձենն ավելի զլեցինք։
Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում։ Վերջապես հասանք գեղին,
սրանք ետ դառան, կորան։
Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան մնացին զարմացած։ Տեսնում են՝
երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա։
— Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։
Ասում ենք հարսանքավորները– ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը
մտնեն։
— Էդ ո՞վ էին որ․․․ — Գելերը
— Ո՞նց թե գելերը․․․
— Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար կլանք, մեռնում ենք,
մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք։
Տարան մի տաք օդա, բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս
հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել։ Պատմում
ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում։
Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք,
ընկել ենք Պարնի գեղ։
7
— Դուք հո կրակն ու զուռնեն եք ասում, բայց գելը մի բանից էլ է վախենում, թե
իմանաք ընչի՞ց,— հարց տվեց օտարականը։
— Թոկից,— ձեն տվին մի քանիսը։
— Ո՞նց թե թոկից,— զարմացան չգիտեցողները։
— Հա՛, ճշմարիտ է, թոկը որ ետևիցդ քաշ տաս՝ գելը կվախենա, մոտ չի գալ,–
հաստատեց քեռի Անդրիասը։
— Ա՛լ տղա, թոկն ի՞նչ է, որ գելը թոկից վախենա։
— Ո՞վ գիտի, օձի տեղ է դնում, ինչ է, ի՞նչ իմանաս։
— Մեր գեղումը Եղո անունով մի ջահել մարդ կար,— պատմեց շորագյալցին։—
Մի շատ սրտոտ ու քաջ մարդ։ Երեսին որ թուր բռնեիր՝ երեսը ետ չէր թեքիլ։ Ինքն էլ
թրի–թվանքի հետ խաղացող մարդ էր։
Սրանից մի 4-5 տարի առաջ մի ձմեռ գործով գնում է մեր հարևան գյուղերը ու
մի քանի օր ուշանում։ Մի երեխա ուներ, շատ էր սիրում։ Մի իրիկուն լուր է առնում,
թե բա՝ երեխեդ հիվանդ է, քեզ է ուզում։ Վեր է կենում, թե՝ պետք է գնամ։ Սրա առաջն
են ընկնում, բռնում են, համոզում են, թե մութը գիշեր— հազար ու մի չար ու
փորձանք, հազար ու մի գել ու գազան, սպասիր՝ ասում են, գիշերը լուս ունի,
կլուսանա կգնաս երեխիդ կտեսնես։ Սա պըպին է կանգնում, թե՝ չէ որ չէ, հենց էս
կեսգիշերին պետք է գնամ, թուրը վրես, ձին տակիս, ի՞նչ պետք է պատահի։ Ինսանի
թարսություն էլի։ Չեն կարում հաղթեն, կեսգիշերին ձի է նստում, ճամփա ընկնում։
Կիսաճամփին գիլի բոլուկը սրան շրջապատում է։ Դու մի ասիլ հետը թոկ ունի, ինքն
էլ փորձված, բանգետ մարդ է․ թոկը երկար բաց է թողնում ու ձիու ետևից քաշ տալիս։
Գելերն էլ մոտ չեն գալիս, երկու կողմից թոկին մտիկ տալով վազ են տալի։ Էսպես
բավական տեղ անց է կենում։ Մի տեղ էլ, ո՞նց է լինում, ի՞նչ է լինում, թոկի ծերր
ձեռքիցը դուրս է պրծնում ու վեր է ընկնում։ Սա ձին քշում է։ Մի քիչ տեղ գնում է,
գելերը վրա են տալիս։ Թուրը հանում է հենց առաջին հասնողին տալիս․․․ Դե գելերի
սովորությունն էլ գիտեք էլի. մինը թե վիրավորվեց— մյուսները նրա վրա կթափեն,
կուտեն։ Էդպես էլ ձիավորին թող են անում, վրա են թափում էս վիրավորվածին։ Եղոս
ձիուն մտրակում է, քշում, բավական տեղ քշած գնում է։ Գելերը վիրավորվածին
լափում են պրծնում, ետ նորից ընկնում սրա ետևից։ Սա էլի ուզում է թուրը հանի, որ
զարկի, քաշում է քաշում, դուրս չի գալի։ Տեսնում է՝ հասնում են իրեն, հերսից
պատյանն ատամով կրծոտում է, ինչ անում է, չի անում՝ թուրը դուրս չի գալիս։ Դու մի
ասի՝ գիլին որ զարկել է, առանց արյունը սրբելու տեղն Է գրել, արյունոտ թուրը կպել է
պատյանին, ամրացել։
Էլ՝ ի՞նչ երկարացնեմ, գելերը վրա են տալի, իրեն էլ են ուտում, ձիուն էլ։
Մյուս օրը լուրն եկավ, գնացինք տեսանք արնոտ ձյունի վրա իր ոսկորներն էլ, ձիունն
էլ, թուրն էլ, պատառոտած շորերն էլ թափված, ցրված դեսուդեն։
— Բա էն մարդին որ գելերը կերել էին՝ ձեզ էդ բոլորն ո՞վ պատմեց,— հարցրեց
մի գյուղացի։
— Հապա մարդուս խելքն ու փորձն ընչի՞ համար է,— պատասխանեց
պատմողը։— Գնացինք տեսանք ձնի պարզ հետքները երևում են, որ կողմից է եկել ու
որտեղ է շրջապատել գիլի բոլուկը, որտեղից է Եղոն սկսել թոկը քաշ տալ, մինչև
որտեղ է քաշ տվել, որտեղ է ձեռիցն ընկել։ Մի քիչ էլ գնացած է ու հետքերն իրար են
խառնված, տակնուվրա են եղած, ու թափված են գիլի բուրգն ու ոսկորները։
Նրանցից բավական հեռու էլ իրեն ու ձիուն են կերել։ Թուրն էլ բերինք, տեսանք
պատյանը մարդու ատամներով կրծոտաձ։ Քաշեցինք, քաշեցինք չկարացինք դուրս
քաշել, տվինք վապետին, քանդեց, հանեց, տեսնենք՝ արյունոտ, կպած պատյանին։
— Ափսոս մարդ,— էս ու էն կողմից ափսոսացին գյուղացիք։— Ա՛յ թե ընչի
համար են ասել, թե համբերությունը կյանք է։ Ասա՝ հեր օրհնածի մարդ, մի քիչ
համբերի, լուսանա, էլի․․․
8
— Տղե՛ք, հավատա, գիլիցն էլ վերը վնասակար գազան չլինի, դուք ի՞նչ եք
ասում,— խոսեց մի գյուղացի էս պատմությունից հետո։
— Էդպես էլ իմացած կենաք, որ չի լինիլ,— հաստատեց քեռի Անդրիասը և
դիմեց ինձ․
— Դու ի՞նչ կարծիքի ես, պարոն։
— Ես էլ էդ կարծիքին եմ,—~ պատասխանեցի ես։— Արդեն գրքերից էլ հայտնի
է, որ ոչ մի գազան գիլի չափ վնաս չի տալիս մարդուն։ Մանավանդ էն երկիրներում,
որտեղ գլխավորապես անասնապահությամբ են պարապում։ Ամեն տերության մեջ էլ
ահագին վնաս է տալիս։ Միայն Ռուսաստան տարեկան մոտ մեկ միլիոն անասուն է
փչացնում։
― Հապա ի՞նչպես է, որ տերությունները դրա մասին չեն մտածում, մի ճար
անում,— խոսքս կտրեց մի գյուղացի։
— Ի՞նչպես չեն մտածում։ Տերություններ կան, որ աոանձին վարձատրութիւն
են տալիս գել սպանողներին։ Կանոնավոր կռվում են գիլի դեմ։ Դրա համար էլ էնպես,
տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա․ օրինակ՝ Անգլիան, Գերմանիան…
― Վա՜հ,— զարմանքից բացականչեցին գյուղացիք։― Ո՞նց թե… հիմի էդ
երկիրներում էլ գել չկա՞։
― Չկա…
— Ա՛յ, երկիր… Ապրանքդ ազատ բաց թող ու հանգիստ գնա քու գործին․․․ —
Էնպես տերություն էլ կա,— շարունակեցի ես,— որ հաշվով գիտեն, թե քանի գել կա
իրենց երկրում, չորսը թե հինգը…
— Էդ ի՞նչ բան է,— ավելի զարմացան գյուղացիները— մեզանում իսկի մարդի
հաշիվը գիտենք ոչ, նրանք գելն էլ են հաշվել։
— Որ ասում ես գելը վերջացնում են, ի՞նչպես են անում, վարժապետ,—
հարցրեց մի ծերունի, որին Սահակ էին ասում։
— Զանազան միջոցներով, բի՛ձա Սահակ։ Ինչպես ասի՝ տերություններն
առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար,
որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան։ Մինչև
անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են։
Էնպես երկիր էլ կա, օրինակ՝ Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել
սպանողին, ժողովուրդն է վարձատրում։ Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու
գեղեգեղ ման ածում, ապրանքատեր երից փող է հավաքում։ Եվ ամենքն էլ
ուրախությամբ տալիս են։
— Չէ՛ ես էդ չէի հարցնում, պարոն ջան, ես էն էի հարցնում՝ թե ընչո՞վ են
սպանում, ինչպես են կոտորում։
— Հա՛, էդ ես հարցնում։ Ասեմ, բիձա Սահակ, էդ էլ ասեմ։ Իհարկե, հրացանով
սպանելն ու թակարդով բռնելը արդեն դուք էլ գիտեք։ Բացի հրացանն ու թակարդը,
էնպես տեղեր էլ կան, որ խորը փոսեր են փորում, օրինակ՝ մի սաժեն ու կես
խորությամբ, մի սաժեն էլ լայնությամբ։ Երեսը ցախ ու մախով ծածկում են, վրեն միս
են դնում, չորս կողմն էլ դեռ ցած ցանկապատում, որ գելը թռչի, հանկարծ ընկնի մեջը։
Սրանով, իհարկե, չի կարելի շատ բան անել։
Էնպես տեղ էլ կա, օր ամբողջ հասարակություններով հավաքվում են, գնում են
շրջապատում անտառի որոշ մասերը։ Որսկանները հրացանները ձեռներին
պատրաստի երեք կողմը կտրում են, իսկ չորրորդ կողմից մի բազմություն անտառն է
մտնում ու հրացան արձակելով, աղմուկով, հարայ-հրոցով, շանով-բանով
գազաններին քշում, բերում գցում որսկանների բերանը։ Էս էլ անտառոտ տեղերն է
լինում, ու էս միջոցն էլ չի մեծ արդյունք տալիս։ Պատահում է, որ ահագին աղմուկից
հետո մեջտեղը մի կամ երկու նապաստակ են հայտնվում, կամ պատահում է, որ
դուրս եկող գազանները անվնաս էլ փախչում, ազատվում են։ Շատ քիչ են սպանվում։
Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում։ Ձիով ընկնում են
գիլի ետևից։ Ծնկահար ձյունի մեջ թաղվելով՝ գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում
է։ Ետևիցը հասնում են՝ հենց տեղնուտեղը դագանակով սպանում։ Բայց ամենից շատ
գիլին կոտորում են թույնով։ Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ
կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վրեն քաշում ու տանում,
գիշերը հանդերում վեր գցում։ Սոված գելեր — գալիս են ուտում ու տեղնուտեղը
կոտորվում։
9
— Վարժապետ, ճշմարիտ է, գելը գազան է ու մարդուն էլ շատ է վնաս տալիս,
միայն էդ որ պատմեցիր, ախպեր, ինչ թաքցնեմ, մեղքս եկավ,– խոսեց ծերունի
Սահակը։
— Հետո՞, գիլին մեղք կգա՞ն որ, Սահակ բիձա,— ձեն տվեց մի հովիվ։
— Ընչի՞, գելը շունչ կենդանի չի՞,— սկսեց վիճել Սահակ բիձեն։
— Գելն ի՞նչ է որ, մեր շան պես անասուն է, էլի,— խոսքն առավ քեռի
Անդրիասը։— Ուղիղ շան պես։ Որ էն շունն էլ չոլերը գցես, անտեր, սոված թողնես,
հալածես, կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի։ Ինչպես որ էն սոված, վայրենի
գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան
պես տանու կենդանի։
— Հետո՞ գելը տանու կլինի՞ որ, քեռի Անդրիաս։
— Լա՜վ։ Շատ է պատահել։ Գիլի ճուտը բռնի բեր տանու արա, տես կլինի, թե չէ։
— Հապա ինչո՞ւ է ասած՝ գելն ինչքան էլ տանու անես, էլի աչքն անտառումը
կլինի։
— Էդ էլ է ճշմարիտ։ Մի սերնդի, երկու սերնդի աչքն անտառումը կլինի, բայց
կամաց-կամաց անտառը կմոռանա, կդառնա տանու կենդանի շան նման։ Եվ հենց
ինքն էլ շան ցեղից է, էլի։ Գելն էլ կազմված է էնպես, ինչպես շունը։ Գելն էլ շան պես
տարին մի անգամ 3—10, բայց սովորաբար 4—6 ձագ է ծնում, ու ինչպես շունն իրեն
համար բուն է փորում կամ մի անկյուն է գտնում ու էնտեղ ծնում ու մեծացնում
ձագերը, էնպես էլ՝ գելը։ Կամ գետնում բուն է փորում, էնտեղ ծնում ու մեծացնում իր
ձագերը կամ ընկած ծառի փչակում, կամ մերում, կամ հենց ծմակի խիտ տեղերը,
թավուտում։ Նա էլ է էնպես սիրում իր ձագերին, ինչպես ամեն մի ծնող կենդանի։ Մի
վտանգի հոտ առնելիս բերանով շատ զգույշ ու քնքուշ իրենց տեղից տանում է ավելի
ապահով տեղ։ Եվ երբեք իր բնի մոտերքում որս չի անիլ ու վնաս չի տալ, որ կասկած
չբերի էդ տեղի վրա։
Գիլի էգն էլ, ինչպես շանը, ավելի քնքուշ է, դունչն ավելի սուր ու պոչն ավելի
բարակ։ Գելն էլ, պատահում է, որ նույնպես կատաղում է, ինչպես շունը։ Եվ
կատաղած գիլից շատ են վախենում ու սարսափով հեռու են փախչում բոլոր վայրենի
կենդանիները։
Վերջապես, գելն էլ շան պես 12—15 տարի է ապրում։ Ավելի երկար շատ քչերն
են ապրում, ինչպես և շների մեջ։
Մի խոսքով, միևնույն կենդանիներն են․ մինը՝ խնամքի տակ ու կուշտ, մյուսը՝
վայրենի, հալածված ու սոված։ Իսկ սովը… Սովն ինչ ասես կանի, ձեզ մատաղ։ Սովը
մարդին էլ կդարձնի սարսափելի, ուր մնաց էն անտառի գիլին,— խոսքը վերջացրեց
քեռի Անդրիասը։
— Ճշմարիտ ես ասում, քեռի Անդրիաս,— ասացի ես։ — Մե անում
սովորություն չկա, միայն լուսավոր երկիրներում շատ է պատահում, որ մարդիկ
վայրենի անասուններին ու գազաններին բռնում են, բերում են տանու անեն, փորձում
են, վարժեցնում են, բան են սովորեցնում։ Մինը երկու գիլի ճուտ էր բռնել բերել տանը
պահել։ Կարճ ժամանակում էնքան քին ընտանիացել, որ ազատ տան մեջը ամենքի
հետ քլ խաղ քին անում ու շան հետ միասին միևնույն բնումը քնում։ Մի քանի
ժամանակից ետը մինը սատկում է։ Ասում է՝ մենակ մնացածը քանի ժամանակ էր էլ
ոչ խաղ էր անում, ոչ կարգին կերակուր էր ուտում։ Տխուր վեր ընկաձ դարդ էր անում
ու ոռնում։ Իհարկե, հետզհետե մոռացավ ու էլ ետ աշխուժացավ։ Մեծացավ, ու, ասում
է, մեզ հետ էնքան էր կապվել, որ որտեղ նստում էինք, միշտ կողքներիս վեր էր
ընկնում և ուրիշներին չէր թողնում, որ մեզ մոտենան։ Ասում է՝ վախեցինք մարդու
վնաս տա, շղթայով կապե՛ցինք, իսկ մի քանի ժամանակից ետը մի շրջիկ
գազանանոցի վրա ծածեցինք։ Անցավ դրանից մի տարի ու կես, թե երկու տարի, լավ
չի միտս, էդ գազանանոցին պատահեցի մի քաղաքում։ Հետաքրքրվեցի, ներս մտա,
ասի տեսնեմ իմ գելը կենդանի է, թե չէ։ Ներս մտա հարցրի։ Դու մի ասիլ գելը մոտիկ
վանդակում պառկած է եղել։ Ձենս իմացավ թե չէ՝ վեր թռավ, ճանաչեց, ուրախացավ,
ու ի՜նչ էր անում, ի՜նչ էր անում, չեք կարող երևակայել։ Աշխատում էր ինձ մոտենալ,
պոչը շարժելով, ծմըրալով դեսուդեն էր ընկնում վանդակում։ Ինձ էլ թվաց, թե մի
մոտիկ, հարազատ արարածի հանդիպեցի և դուրս գալիս մի տեսակ ցավ զգացի։
Ինչ կասեք սրան։ Ահա պատահած դեպքը։ Եվ ճշմարիտ է ասում քեռի Անդրիասը․
գելն էլ շան պես մի արարած է, միայն վայրենի, հալածված ու սոված։
Արդեն գիշերվա կեսն էր, որ մեր զրույցը վերջացրինք։ Շները դուրսը հաչում ու
երկար ու ձիգ ոռնում էին։
— Անտերը գեղի վրա պտիտ է գալիս․ հեռանում չի։ Հանգստանալու չի, մինչև
էս գիշեր մի վնաս չտա։ Տղե՛ք, զգույշ կացեք, ապրանք չտաք ռեխը,— ասավ քեռի
Անդրիասը գյուղացիներին, որ բարի գիշեր ասելով իրար ետևից դուրս էին գնում մեր
օթախից։ Դուրսը նրանցից մինը երկար ու զիչ հե՜յ-հե՜յ աղաղակեց, ու գյուղի շները
հեռու թաղերից սկսած ավելի կատաղի սկսեցին հաչել ու ոռնալ խմբովին: Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը։


Հարցեր և առաջադրանքներ

1․Ամբողջությամբ կարդալ պատմվածքը, բաժանել մասերի և վերնագրել յուրաքանչյուր մասը։

Մաս 1 «Գայլերը գյուղում»
Մաս 2 «Ավոյի պատմությունը»
Մաս 3 «Սոված գայլը»
2․Ըստ հեղինակի՝ ինչպիսի սովորություն կար սարերում։

Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։
3․ Ինչու՞ հանկարծ շները սկսեցին հաչել։

Շները գողի վրա ուրիշ ձև են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա
ուրիշ ձև են հաչում, միայնակ մարդու վրա՝ ուրիշ։ Գյուղում շները նկատեցին գայլ և սկսեցին հաչել։ Այծը գել տեսնելիս ուժեղ ճչում է, և գելը հեռանում է։
4․ Ըստ գյուղացիների պատմածի՝ գայլը ի՞նչ հնարքի միջոցով է հարձակվում ոչխարի հոտի վրա։

Եթե գայլը չի կարողանում բռնել ոչխարին, միևնույնն է, նա որխարի դմակից մի մաս պոկում է։
5․ Ուշադիր կարդա այն հատվածը, որտեղ պատմում են գելի հարձակումների մասին՝ նախրի, ձիու, այծի, էշի և ինչպե՞ս են նրանք պաշտպանվում։

Գելն էշի հետ խաղում է ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում։ Գելը երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև վախենում է, ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Գելը հանկարծ հետ է դառնում և բռնում ձիուն։
6․ Ըստ քեռի Անդրիասի՝ ինչի է ընդունակ սոված գելը։

Կուշտ գելը շատ վախկոտ է, իսկ սոված գելը՝ անվախ, դաժան և ինքնավստահ կենդանի է։
7․Ուշադի՛ր կարդա շորագյալցի Ավոյի գլխին եկած պատմությունը։

Ծիրան անունով մի եզ ուներ Ավոն։ Ձմռանը այդ եզը կորավ։ Ավոյի եղբայր իրեն ուղարկեց եզին փնտրելու։ Նա գնաց գյուղի չորս կողմը ման եկավ — չգտավ։ Գոմահանդ ունեին նրանք, այն այդքան էլ գյուղից հեռու չէր։ Գնաց այդ գոմահանդը։ Գնաց, էս գոմը նայեց, էն գոմը նայեց, վերջը տեսնում ա, որ եզը մի գոմում է։ Եզը դուրս տարավ և տեսավ, որ արդեն մութն ընկնելու վրա է։ Տեսնում է, որ լուսով չի կարող գյուղը հասնի։
Չորս կողմն էլ ձյունապատ դաշտ, ձայն չկա, ձեռքին էլ՝ մի ճիպոտ
ու մի դանակ։ Եզն առաջը տարավ և քշեց։ Մի քիչ տեղ անցնելուց հետո, հանկարծ ուժեղ քամու հետ մի տխուր ձայն լսվեց։ Կանգնեց, ականջ դրեց․․․ Լսում է գայլի ոռնոց է։ Այդ ոռնոցին միացավ ամբողջ խումբը։ Տեսնում է, որ աջ կողմում, հեռվում, մթի մեջ, ճրագների մի բազմություն է շարժվում։ Մի անգամից հասկացավ, որ գայլերի սոված աչքերն են։ Եզին ետ տարավ դեպի գոմերն ու վազեց։ Հետև է նայում, տեսնում, որ արդեն գալիս են։ Եզը թողեց և փախավ, ընկավ գոմը։ Բարձրացավ սների գլխներին, և
եզան գոռոցը լսվեց։ Եվ մի անգամից էլ կտրվեց, խռխռոցն լսվեց։ Խռխռոցն էլ կտրվեց, միայն գայլերի ժնգժնգոցն է լսում, թե ոնց են ուտում․․․
Ավոն նստած է և տեսնում է, որ գայլերը եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ նրան են նայում։ Նայեցին նայեցին ու թողեցին դուրս գնացին։ Ավոն հանգստացան, մեկ էլ իր ուղղությամբ վերևից կտուրը քանդում են։ Շտապ տեղը փոխեց, գնաց մյուս կոնդի
վրա կուչ եկավ։ Բացեցին, կոճը բարձրացրեցին, տեսան տակը չի։ Էլի եկան ներքև։ Տեսան, որ մյուս կոնդի վրա է, ետ դուրս գնացին։ Հիմա այդ կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։ Ավոն դարձյալ տեղը փոխեց։ Այսպիսով՝ նրանք քանդելով, Ավոն տեղը փոխելով՝ հասան վերջին կոնդին։ Եկան նայեցին կատաղած ու հետ գնացին։
Մի սուր դանակ ուներ գրպանում, հանեց, բացեց ու ձեռքը բռնած՝
մտքում աղոթում էր։ Գայելը քանդելով հասան կոճերին։ Մեկը կոճերի արանքով թաթը մեկնեց, որ կոճը հետ քաշի։ Ավոն թաթը բռնեց ու սուր դանակով կտրեց։ Գայլը թաթը հետ քաշեց, ոռնալով, կոնծկոնծալով հետ գնաց։ Իմացել էր, որ գայլերից մեկը, եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Մտածեց՝ ուրեմն սրան ուտում են։ Սպասում է, որ նրան ուտեն պրծնեն հետ կգան։ Էլի դանակը ձեռքում պատրաստ սպասում էր։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձայն է լսում․
— Ավո, հե՜յ…
Ավոն պատասխանում է։
— Աղանիկ, հե՜յ… Էստեղ ե՜մ… Գոմումն ե՜մ… Գելերն ինձ ուտում ե՜ն…
Օգնեցեք, հե՜յ…
Էլի գայլերը ձայն են տալիս, Ավոյի ձայնը չի լսվում, թեև նա շարունակ կանչում էր։
Մեկ էլ լսում է հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռվացող գայլերի
կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեց եղբորը ու նրա գյուղի տցաների ձայները։
— Ավո, հե՜…
— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ… կենդանի ե՜մ…
Ներս թափեցին գոմը։
— Փառք քեզ, աստոծ… Փառք քեզ, աստոծ,— ուրախացած ու զարմացած
կանչում են ամենքը։ Ցած իջավ վերջին կոնդի վրայից։ Եղբոր գիրկն ընկավ ու սկսեց
հեկեկալ։ ― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր,–
կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերեցին, որտեղ թափված էին իրենց Ծիրան եզան ոսկորները։
8․Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։

9. Ինչի՞ շնորհիվ փրկվեց Ավոն:
Սկզբում Ավոն իր ձեռքին եղած դանակով փորձեց փրկվել, բայց հետո իր եղբայրը և մի քանի գյուղից տղաներ եկան և հրացանով վախեցրեցին գայլերին։ Իսկ հետո օգնեցին Ավոյին հասնել գյուղ։
10. Ըստ պատմվածքի՝ ինչպիսի՞ կենդանի է գայլը. ի՞նչ հատկանիշներ ունի, ինչպե՞ս է որս հայթայթում, գիլի բոլուկն ինչքանո՞վ է վտանգավոր, որտե՞ղ և ինչո՞ւ:

Գայլը, երբ սոված է, շատ դաժան, գազազած և վտանգավորր կենդանի է։ Նաև, երբ գայլերը ոհմակով են որսում, ավելի վտանգավոր է։ Եթե գայլը շատ սոված լինի, նա մյուս գայլին կարող է ուտել, կամ երբ մի գայլը վնասվում է, մյուսենրը նրան սկսում են ուտել։ Գայլը շատ լավ տեսողությամբ և արագավազ կենդանի է։
11. Ինչի՞ց են վախենում գայլերը. ի՞նչ էր անցել քեռի Անդրիասի գլխով, և ինչի՞ շնորհիվ փրկվեցին նա ու որդին:
12. Ինչո՞վ էր հետաքրքիր ուստա Սարգսի պատմությունը:
13. Ի՞նչ դժբախտություն էր պատահել համագյուղացի Եղոյին:
14. Գայլերից ազատվելու ինչպիսի՞ ընդունված ձևեր կային տարբեր երկրներում:
15. Ի՞նչ համեմատություն բերեց քեռի Անդրիասը գայլերի և շների միջև: Հնարավո՞ր է ընտելացնել գայլին:
16. Հավանեցի՞ր պատմվածքը. քո կարծիքը մի քանի նախադասությամբ շարադրիր պատմվածքի շուրջ:
17. Պատմվածքից դո՛ւրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները, քեզ անծանոթ բառերը, դարձվածքները և բառարանների օգնությամբ բացատրի՛ր դրանք:
18. Ի՞նչ յուրահատկություն նկատեցիր Թումանյանի լեզվում:

Գրականություն 7

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն 29․01․2024թ․

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Ես անծանոթ բառեր չունեմ։
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Հովհաննես Թումանյանը իր մանկությունը անց է կացրել իրենց գյուղում և սարերում։ Այն ժամանակ երբ Թումանյանը մանուկ էր գյուղում ապրում էին խիստ։ Եվ մարդկանց մեծամասնությունը ապրում էր մեծ պաշտոն ունենալու հաշվին։ Դասավանդող վարժապետը շատ խիստ էր, անգամ ճիպոտով ծեծում էր երեխաներին: Ինչպես Թումանյանն է նկարագրում. «Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը»:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Նման եմ հայրիկիս բնավորությամբ և տեսքով, բայց ավելի շատ բնավորությամբ նման եմ մայրիկիս։ Ես և հայրիկս ունենք նման մտածելակերպ։ Դպրոցական վաղ տարիներս շատ պարզ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ իմ դասընկերներից մենակ ես էի, որ սեպտեմբերի 1-ին ոչ մի բան չէի հասկանում: Մինչև մյուս երեխաները ծանոթանում էին դասատուների հետ, ես ծնողիցս հեռու չէի գնում, քանի որ չգիտեի ինչ անել։ Ես դպրոց գնալուց առաջ գրքեր հաճախ էի կարդում, դրա համար էլ առաջին դասարանում ես չէի դժվարանում կարդալ։
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

Հին — հինավուրց, վաղնջական
ազնիվ — պարկեշտ, արդար
առատաձեռն — շռայլամիտ, բազմաշնորհ
նշանավոր — հռչակավոր, անվանի
թաքուն — ծածուկ, գաղտնի
պակասավոր — անկատար, թերակատար