Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
Ընթացք
Ամեն պետություն ուներ իր նպատկը, վերադարձնել կորցրածը, գրավել տարածքներ, հաստատել իր գերիշխանությունը և այլն․ Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Պատերազմի մեջ մտան Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իսկ հետագայում Ամերիկայից և Ասիայից բազմաթիվ պետություններ միացան Անտանտին։ Այսպիսով՝ համաեվրոպական պատերազմը վերածվեց համաշխարհայինի։ Պատերազմը ծավալվեց տարբեր աշխարհամասերում։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում բազմաթիվ ճակատներում, սակայն գլխավորը երկուսն էին։ Առաջինը՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական), երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական)։ Աշխարհամարտն ընթանում էր նաև Բալկաններում,Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին։ Վերջինս այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին կիրառվեցին մի շարք նոր և մահաբեր զինատեսակներ, որոնք արմատապես փոխեցին պատերազմի բնույթը։ Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում ցամաքում, ծովում և օդում։Կիրառվեցին մեծ կալիբրով հրանոթներ, որոնք խիստ ավերիչ ուժ ունեին, գազային զենքեր, ավտոմատ հրացաններ և գնդացիրներ, ռազմական ինքնաթիռներ և օդապարիկներ, սուզանավեր և տանկեր, որոնք առաջին անգամ օգտագործվեցին 1916 թ․ բրիտանացիների կողմից։
Պատերազմի սկզբից երեք ամիս անց Օսմանյան կայսրությունը միացավ Եռյակ դաշինքին՝ սկսվեց հերթական ռուս-թուրքական բախումը։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գլխավորապես Հայաստանի տարածքում։ Կայսրությունը ռազմական գործողություններ վարեց Կովկասում, Մերձավոր Արևելքում և Դարդանելի շրջանում։ Սակայն այս շրջանում Օսմանյան իշխանությունները իրականացրին Հայոց ցեղասպանությունը (1915 թ.), որի ընթացքում ավելի քան մեկուկես միլիոն հայեր սպանվեցին, արտաքսվեցին կամ մահացան անապատներում։ Սա համարվում է մարդկության պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը։
ԱՄՆ-ը սկզբում պահպանում էր չեզոքություն, սակայն 1917 թ․ մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմում (Ռուսաստանի հետ)՝ Գերմանիայի դեմ։ ԱՄՆ-ի մասնակցությունը նյութական և ռազմական օգնություն ցուցաբերեց դաշնակիցներին։ Նա առևտուր էր անում երկու հակամարտող կողմերի հետ, ինչը հսկայական եկամուտներ էր բերում։ Այսպիսով` 1914–1916 թթ. ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի երկրների կողմն էր։ Ռուսաստանը պատերազմում էր գլխավորապես Արևելյան ճակատում Գերմանիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Սակայն 1917 թ․ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և նոր խորհրդային կառավարությունը դուրս եկավ պատերազմից՝ կնքելով Բրեստ-Լիտովսկի հաշտությունը (1918 թ.)։
Ավարտ
Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը։ Տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը
պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Բրեստ–Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ նա պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք։ Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ
գտան նաև Թուրքիայի պահանջները։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից և Իրանից։ Ավելին՝ Թուրքիային վերադարձրեցին Կարսը, Արդահանը և Բաթումը։
1918 թ. հունիսի 4–ին Բաթումում կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո–Հունգարիան։ Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ` նոյեմբերի սկզբին երկրում հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11–ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշի շտաբ–վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Առաջին համաշխարհային պատերազմը։
Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական
նյութական կորուստներ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։
Սակայն հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ` Չեխոսլովակիա,
Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։