Սևանավանք
հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դարում Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին։Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թվականներ)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։
Սևանա լիճ
Բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։