Կոտայքի մարզ
Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[2]։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։
Տեսարժան վայրեր
Թեժառույք
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի միանտառապատ հրվանդանի գագաթին 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը (13-14դ.) գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:
Հավուց թառի վանք
Հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։