Հայոց Լեզու 9·Հայոց Լեզու։ շտկողական

Հայտորոշիչ թեստ. 02.09

Մաս 1-ին
1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:

Մաս 2-րդ
1. Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
4. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
5. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
6. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
7. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը: 8. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
9. Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
10. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
11. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
12. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
13. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:

Մաս 3-րդ
1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
5. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:

Մաս 4-րդ
1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
6-Քո մասին:
7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
11. Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
Ըստ Վիլյամ Սարոյանի

Առաջադրանքներ
1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1) թեյի
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց-որ
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի
4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց, 3 փակ
3) 3 բաց, 1 փակ
4) 4 բաց, 1 փակ

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել

10.Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում
4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) I
2) II
3) III
4) IV

13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր
4) խաչքար

14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն -ա ներքին
2) աղջիկ — այլաձև
3) նվագել -ու արտաքին
4) րոպե -վա արտաքին

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան
3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) I. 1
2) II. 1
3) II. 4
4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3
3) 6
4) 7

19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
1) աթոռը — ուղիղ խնդիր
2) մի քանի — չափի պարագա
3) երաժշտությունն – ենթակա
4) մեղեդու նման – որոշիչ

21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:
Ունենալ —ունի
22. I. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

Ձգվեցին, ը գաղտնավանկ
24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։

Ստույգ
25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։

Մեղմ ու թախծալի
26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն։

Մաս-մաս
27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

Ամեն ինչ
28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։

Կողքին
29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։

Մոտեցրեց 
30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

Լսել
31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։
Տեսնելիս 
32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
2
33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:
Խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:.
34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը:
Դաշնամուրին — գոյական, ուղղակի լրացում
35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը: 
Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:
Էմման նկատեց նրա ժպիտը և մտածեց
36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։
Ինձ համար Բենը շատ հետաքրքիր կերպար է, նա իրոք դաշնամուր նվագել սովորելու ցանկություն ունի։ Բենը իր մեջ վստահ չէ և չի նկատում, որ իր մոտ ստացվում է գեղեցիկ երաժշտություն ստեղծել, չնայած, որ նվագել չգիտի և երբեք էլ չի սովորել։ Նրա ձեռքերը սև ու սպիտակ ստեղների վրա տեղաշարժվում էին, գրեթե նա իր ողջ կյանքն է ձեռնադրել դաշնամուրին և երաժշտությանը։