Սկսած XI դ. սելջուկների, իսկ այնուհետև XII դ. մոնղոլների արշավանքներից, ինչպես արդեն գիտենք, Հայաստանում սկսել էին վերաբնակվել թյուրքմենական ցեղեր։ Արդեն XIV դ. վերջերին հատկապես աճեցին կարա-կոյունլու և ապա ակ-կոյունլու ցեղերի ազդեցությունն ու քաղաքական հզորությունը։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար և իրենց գերիշխանությունը հաստատեցին Հայաստանի տարբեր շրջաններում։
Իրադրությունը Հայաստանում XVդարում։ XIV դ. վերջերին Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակին զուգահեռ, ուժեղացան նաև արտաքին ճնշումերը։ Հատկապես աղետալի հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի (Թամերլանի) արշավանքները։ Նա իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ մոնղոլներին: Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց կամ տարվեց ստրկության, թեև եղան նաև համառ դիմադրություններ։ Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։ Լենկ Թեմուրի մահվանից հետո նրա ստեղծած
հսկայածավալ կայսրությունը տրոհվեց, և սկիզբ առան գահակալական կռիվեր։ Իրավիճակից օգտվեցին կարա-կոյունլուները, որոնք կարճ ժամանակում կարողացան իրենց հսկողության տակ առնել հսկայածավալ մի տիրույթ, որն ընդգրկում էր նաև Հայաստանի զգալի մասը։ Նրանք իրենց հզորության գագաթնակետին հասան Ջհանշահի (1437-1467) օրոք։ Վերջինս իր դիրքերն ամրապնդելու նպատակով օգտվեց նաև հայերի աջակցությունից։ Դա հնարավորություն տվեց, որ հայ իշխանական որոշ տներ՝ Գուգարքում, Սյունիքում,Վայոց ձորում, Արցախում և մի քանի այլ վայրերում վերականգնեն իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։
Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում։ Սկսած XV դարի 40-ական թվականներից՝ զգալիորեն բարձրացավ Այրարատյան աշխարհի հասարակականքաղաքական դերը։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Այդպիսով, զգալիորեն բարձրացավ Այրարատյան նահանգի հասարակական-քաղաքական դերը։ Նշանակալի քայլ եղավ 1441 թ. Ջհանշահի համաձայնությամբ Ամենայն Հայոց Հայրապետական
Աթոռը Էջմիածնում վերահաստատելը։ Կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Ա Վիրապեցին։ Այս իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։ Հայոց թագավորության վերականգնման փորձ. Սմբատ Սեֆեդինյան (Արծրունի)։ Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Ծրագիրը, սակայն, իրագործվեց նրա եղբորորդի Ստեփանոս Դ կաթողիկոսի ժամանակ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ հնարավոր եղավ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն, որը Ստեփանոսի եղբայրն էր, օծել Հայոց թագավոր։ Նրա իշխանությունը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզով և առափնյա մի քանի գյուղերով։ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու թագավորությունը թեպետ շատ կարճ տևեց, բայց փորձն ինքնին վկայում էր, որ հայոց պետականության վերականգնման գաղափարը կենսունակ էր և կարող էր ծառայել իբրև նախադեպ։
Ակ-կոյունլուների տիրապետությունը և Հայաստանը։ Ջհանշահի օրոք ավարտվեց ակ-կոյունլուների և կարա-կոյունլուների միջև հակամարտությունը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1467 թ.։ Ջհանշահը և նրան սատարող ուժերը պարտվեցին ակ-կոյունլուներին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարիչ դարձան ակ-կոյունլուները։ Նրանց տիրակալ Ուզուն Հասանը (1453-1478) գիտակցելով տնտեսության վերականգնման կարևորությունը, հարկերը կառավարելու համար հրապարակեց կանոնագիր՝ «Կանուննամե»։ Այդտեղ սահմանված էին հարկերի չափերը և դրանց գանձման եղանակները։ Չնայած այս ջանքերին՝ հպատակ ժողովուրդների, այդ թվում հայերի տնտեսական դրությունն էականորեն չբարելավվեց։ Անփոփոխ մնաց նաև նրանց իրավական կարգավիճակը։ Ավելին՝ Ուզուն-Հասանի և նրա հաջորդի վարած քաղաքականության արդյունքում հայ իշխանական շատ տոհմեր կորցրին իրենց կալվածքներն ու դուրս մղվեցին քաղաքական ասպարեզից։ Նրանցից ոմանք անգամ իսլամ ընդունեցին։ Ակ-կոյունլուների իշխանությունը, սակայն, նույնպես կարճ տևեց։ XV դ. վերջին ծագած գահակալական վեճերի արդյունքում նրանց իշխանությունը մեծապես թուլացավ և շուտով զիջեց իր դիրքերը։ Ներքին վեճերին գումարվեցին արտաքին ճնշումերը, որոնք ի վերջո հանգեցրին ակ-կոյունլուների կործանմանը: Նրանց հաջորդեցին Սեֆյանները։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի ասպատակությունները Հայաստանի բնակչության և քաղաքային կյանքի վրա։
Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Բնակչությունը նորից կոտորվեց կամ տարվեց ստրկության։ Այդ տարիներին դատարկվեցին և թալանվեցին Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արշավանքները դադարեցին միայն 1405 թ.՝ Լենկ Թեմուրի մահվամբ։
2. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 1441 թ. Էջմիածնում հայոց հայրապետական աթոռի վերահաստատումն Էջմիածնում։
Այդ իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հնարավորություն տվեց հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում և իր մշակույթի պահպանմանը։
3. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ջհանշահը հայերի նկատմամբ, ինչո՞ւ։
Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորեց Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունունը օծվեց Հայոց թագավոր։



