Ելիզաբեթ I-ը Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է եղել։ Ելիզաբեթը եղել է Հենրի VIII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Ելիզաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Ելիզաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Ելիզաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Ելիզաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։
Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա վերցնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Ելիզաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Ելիզաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։
Թագուհու առողջությունը լավ էր մինչև 1602 թվականի աշունը, երբ մի քանի մտերիմ մարդկանց մահը ընկճախտի պատճառ է դառնում։ Այսպես` 1603 թվականի փետրվարին մահանում է Քեթրին Քերին` Նոթհինգեմի կոմսուհին, նրա մահվանը հաջորդում է թագուհու քրոջ` Կատերին Նոլիսի մահը, որը ծանր հարված էր Ելիզաբեթի համար։ Մարտին թագուհին հիվանդանում է «անբուժելի թախիծով»` ժամեր շարունակ անշարժ նստելով բարձերին։ Երբ Ռոբերտ Սեսիլը նրան ասում է, որ նա պետք է պառկի քնելու, նա բարկությամբ պատասխանում է. «Փոքրի՛կ մարդ, նման բառեր իշխանները չեն գործածում»։ Թագուհին մահացել է 1603 թվականի մարտի 24-ին Ռիչմոնդի պալատում առավոտյան ժամը երկուսի կամ երեքի շրջանում։ Մի քանի ժամ անց Սեսիլն ու խորհուրդն իրականացնում են իրենց ծրագիրը և Հակոբ Ա-ին հռչակում Անգլիայի թագավոր։