Դաս 2
Հակառեֆորմացիա
Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի։ Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան։ Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:
1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը: Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:
Նիդերլանդական հեղափոխությունը
Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն
դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:
Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:
պատմել դաս 2
Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:
Ինդուլգենցիան մեղքերի թողության վկայագիր էր։ Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:
2. Ի՞ նչ է ռեֆորմացիան:
Ռեֆորմացիան Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժումն է։
3. Ե՞րբ է սկսվել և որքա՞ն է տևել Նիդերլանդական հեղափոխությունը:
Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։
4. Ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը:
Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից: