Պատմություն 8

Համաշխարհային պատմություն 10/29/2024

Դաս 1
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրոպայի տնտեսությունը նոր ժամանակների շեմին։
Նոր ժամանակների շեմին՝ XV–XVI դարերում, Եվրոպայի տնտեսական կյանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Հին՝ ավատատիրական հասարակության ներսում սկիզբ առան նոր՝ արդյունաբերական հասարակությանը բնորոշ գործընթացներ։ Դրանք ամենից առաջ կապված էին արտադրության կազմակերպման և ֆինանսավորման հետ։ Արտադրության մեջ սկսեցին ավելի շատ ներդնել նոր տեխնիկա։ Դա հատկապես ակնառու էր լեռնահանքային արդյունաբերության, մետաղագործության, նավաշինության, զինագործության և գրատպության մեջ։ Ավելանում էր բնակչության թիվը, մեծանում էր տարատեսակ ապրանքների պահանջարկը։ Մանուֆակտուրաների քանակը սկսեց կտրուկ աճել։ Դրանք ավելի շատ ապրանքներ էին արտադրում, քան արհեստանոցները։ Այստեղ օգտագործում էին պարզագույն մեխանիզմներ՝ ջրանիվը, ճախարակը, ջուլհակի հաստոցը և այլն։ Գյուղատնտեսությունը շարունակում էր մնալ
տնտեսության առաջատար ճյուղը։ Այս ոլորտում ընդգրկված էր բնակչության մոտ 90 %–ը։ Երկրագործության մեջ եռադաշտային համակարգը դարձավ տիրապետող։ Մարդիկ սկսեցին գյուղատնտեսական գործիքները կատարելագործել, հողը պարարտացնել և նոր մշակաբույսեր ներդնել։ Ավելացան մշակովի հողատարածքները, զարգացավ ոռոգման համակարգը։Աշխարհում գյուղատնտեսությունն ամենից արագ սկսեց զարգանալ Անգլիայում։ Գյուղական բնակավայրերում ևս ստեղծվեցին մանուֆակտուրաներ, որոնց հիմնական մասը արտադրում էր գործվածքեղեն։ Գյուղատնտեսության զարգացումը պայմանավորված էր նաև մեծ քաղաքների թվաքանակի ավելացմամբ։ Դրանք գյուղատնտեսական մթերքների խոշոր սպառողներն էին։
Մանուֆակտուրային արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ էին դրամական զգալի միջոցներ։ Այդպիսիք ունեին առևտրականները. այն կոչվում էր առևտրային կապիտալ։ Առևտրականներն իրենց կապիտալի մի մասը ներդնում էին մանուֆակտուրային արտադրություն կազմակերպելու և գյուղատնտեսության մեջ։
Ապրանքային արտադրության աճը նպաստում էր ներքին և արտաքին առևտրի զարգացմանն ու տարածական-աշխարհագրական ընդլայնմանը։Այսպես՝ աստիճանաբար միջնադարյան տնտեսական համակարգից անցում էր կատարվում նոր՝արդյունաբերական կամ կապիտալիստական տնտեսական համակարգին։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները:
Հին ժամանակներից սկսած՝ Եվրոպայի երկրները Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտուրն իրականացնում էին ցամաքային ճանապարհներով: Թուրքերի զավթողական քաղաքականության պատճառով ուշ միջնադարում Եվրոպայից դեպի Արևելք տանող ճանապարհները դարձել էին վտանգավոր, ավելին՝ դրանց մեծ մասը փակվել էր։ Եվրոպացիները սկսեցին որոնել Արևելք հասնելու ծովային ուղիներ, որի ընթացքում հայտնաբերեցին նոր աշխարհամասեր ու երկրներ:

Իսկ որո՞նք էին աշխարհագրական հայտնագործությունների նախադրյալները։
Ապրանքային արտադրության աճը անհրաժեշտություն առաջացրեց գտնելու նոր շուկաներ ապրանքներն իրացնելու համար:
Անշեղորեն մեծանում էր ոսկու, արծաթի և
թանկարժեք քարերի պահանջարկը. դրանքև՛ առևտրի, և՛ հարստություն կուտակելու միջոց էին:
Հարստանալու տենչը և հատկապես «ոսկու անհագ ծարավը» եվրոպացիներին մղում էր դեպի Արևելք, մասնավորապես Հնդկաստան, որի անսահման հարստությունների մասին առասպելներ էին պատմում։
Զարգացավ գիտությունը. հաստատվել էր Երկրի գնդաձևության մասին գաղափարը, և իրատեսական էր դարձել Եվրոպայից դեպի արևմուտք նավարկելով Հնդկաստան հասնելը։
Կատարելագործվել էին ծովային քարտեզներն ու կողմնացույցը, կառուցվել հարմարավետ առագաստանավեր. դրանց շնորհիվ հնարավոր էր իրագործել երկարատև նավարկություններ: Այս նախադրյալները հնարավորություն տվեցին եվրոպացիներին հայտնագործելու ծովային նոր ուղիներ:

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Եռադաշտային համակարգ — Մշակովի հողտարածքը բաժանվում էր երեք
մասի՝ գարնանացան, աշնանացան և հանգստացող։ Դրանք օգտագործում էին հերթագայությամբ, որի շնորհիվ վերականգնվում էր հողատարածքների բերքատվությունը։
Առևտրային կապիտալ — Առևտրականների կուտակած դրամագլուխ. այն
ներդնում էին ամենից առաջ ապրանքների առքուվաճառքի, ինչպես նաև
դրանց արտադրության մեջ։
Ապրանքային արտադրություն — Արտադրության ձև, որի արտադրանքը (ապրանքներ) նախատեսված է շուկայում վաճառելու համար։
Գաղութ — Որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր կամ տարածաշրջան, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից։ Մայր երկրի (մետրոպոլիա)տնտեսական կցորդն էր և շահագործվում էր նրա կողմից։

Առաջադրանք 1
> Նախորդ դասարանից քո սովորածը վերհիշելով՝ գրի՛ր թե ի՞նչ է մանուֆակտուրան (կարող ես օգտվել համացանցից)։
Մանուֆակտուրա անվանում են աշխատողների ձեռքի աշխատանքի և առանձին արտադրական գործընթացների աշխատանքի բաժանման վրա հիմնված ձեռնարկությունը։
> Ի՞նչ է եռադաշտային համակարգը

Եռադաշտային համակարգը դա մշակովի հողտարածքի բաժանված էր երեք մասերն են։ Դրանք օգտագործում էին հերթագայությամբ, որի շնորհիվ վերականգնվում էր հողատարածքների բերքատվությունը։
> Նախորդ դասարանից քո սովորածը վերհիշի՛ր թե ի՞նչ է ավատատիրություն։

Ավատատիրությունը միջնադարյան հասարակություն է, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը, այսինքն կալվածքատիրական հողատիրությունը:

Оставьте комментарий