Մայրենի 6-րդ դասարան

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը`   նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:

1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ: Ցավն ու տառապանքը այդ մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968թ.), «Համամարդկային» (1975թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965թ., Բեյրութ, 1990թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982թ.) պոեմներով:

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում…», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից, նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, նաև մարդկային ցավի խտացում:

Բանաստեղծություն

«Իմ սուրբ հայրենիք»

Оставьте комментарий