5-րդ դասարան·Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ🌿

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Հողի մեջ կարելի է հանդիպել ինչպես կենդանիներ՝ որդեր, սողուններ, այնպես էլ բակտերիաներ և սնկեր։
2․ Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հողի առաջին շերտը հումուսն է, որի մեջ կան կենդանիների և բույսերի մնացորդներ։
3․ Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողի վերին շերտը մուգ գույնի է, քանի որ հարուստ է հումուսով։
4․ Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Հողում կան կենդանիների և բույսերի մնացորդներ, բակտերիաներ, սնկեր և օրգանական նյութեր։
5․ Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը բույսերի, բակտերիաների, սնկերի և կենդանիների մնացորդներն են, որոնք օգտագործվում են լավ բերք ստանալու համար։
6․ Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Երբ անձրևները քիչ են լինում, անհրաժեշտություն է առաջանում հողն ավելի խոնավեցնել։ Այդ նպատակով հողը ջրում են և փխրեցնում, որպեսզի այն հագեցած լինի թթվածնով և բերրի լինի։

Оставьте комментарий