5-րդ դասարան·Բնագիտություն

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  
1. Ի՞նչ է կլիման:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Կլիման ձևավորող գործոններն են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, տաք և սառը հոսանքները, քամիները։
3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
Իմ բնակավայրը՝ Երևանը գտնվում է բարեխառն գոտում, այդ պատճառով կլիման այստեղ ցամաքային է, կիսաչոր։ Ամռանը շատ շոգ է լինում, ձմռանը՝ ցուրտ, իսկ գարունն ու աշունը՝ շատ մեղմ։
4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
Լինում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր երկրում ցամաքային կլիմա է։
5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ: Իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։ Նման կլիմային բնորոշ է ցուրտ ձմեռ, տաք ամառ, իսկ տեղումները քիչ են լինում:
6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիման ձևավորվում է մուսսոնային քամինների ազդեցությամբ, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ: Իսկ միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Այդ երկրների շարքում են Հունաստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Իսպանիան, Իտալիսն, Ֆրանսիան, Լիբիան և այլն։ Այստեղ ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Оставьте комментарий