💐Եկեղեցական տոնի ծագումը. Հիսուս Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին Հիսուս Քրիստոսի գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մահացած մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ Քրիստոսի գերեզմանը դատարկ է: Մինչ նրանք զարմացած շուրջբոլորն էին նայում, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ և մարդկանց հավիտենական կյանքի հույս տվեց:
Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Զատիկ բառը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այդ օրը ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի ընթացքում։
Զատկից 7 շաբաթ առաջ մարդի սկսում են պահքը, որի ընթացքում ուտում են միայն բուսական կերակուր, իրենց հեռու են պահում չար մտքերից՝ նախնձից, բարկությունից…: Ավագ շաբաթվա շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագը, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» (Քրիստոսը մեռելների միջից հարություն առավ) ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» (օրհնյալ է Քրիստոսի հարությունը) պատասխանը։
Հայկական ավանդույթում, Զատիկին հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։
Հայ ժողովրդի անցյալից. Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան հայերը կընդունեին քրիստոնեությունը։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ (մարտի 21-ից գիշերն ու ցերեկը ժամային առումով հավասարվել են)՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով:💐