Վեդին Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա: Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում։