Գուրգեն Մահարու հիշողությունները Վիլյամ Սարոյանի մասին։
Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
– Անունդ ի՞նչ է:
– Ալմաստ:
– Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
– Զինե..
– Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
– Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ: