Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այստեղ կան հին ձեռագրեր աշխարհի ամենատարբեր վայրերից։ Մատենադարանում պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի թանգարան է այցելում մինչև 50000 մարդ։
Մատենադարանն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում հիմնադրված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
Մատենադարանում կան շատ հազվագյուտ գրքեր, դրանցից է հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. , «Տաղարանն» ու «Աղթարքը», «Պարզատումարը», «Սաղմոսարանը», հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:
Այստեղ նաև կարելի է տեսնել աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր»։ Այն կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են: