Հայրենագիտություն·Ճամփորդություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 13-ին մենք դասարանով այցելեցինք հին ձեռագրերի ինստիտուտ — թանգարան Մատենադարանը։ Այստեղ մենք տեսանք բազբաթիվ հին գրքեր, որոնք տպագրված էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ։ Մեզ ուղեկցում էին թանգարանի աշխատակիցները։ Նրանք ներկայացրեցին գրքերը և ձեռագրերը, պատմեցին որը որտեղ է տպագրվել և ինչի մասին է։

Մենք տեսանք աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր», որը կշռում է 28 կգ։ Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ:

Մատենադարանում կան նաև տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ու դեղաբույսերը, նաև ներկայացված է որդան կարմիրի պատմությունը։ Մատենադարանում ամեն տեղ գրքեր են՝ մեծ և փոքր, հաստ ու բարակ, պատկերազարդ ու ոսկեզօծ։

Հայրենագիտություն

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այստեղ կան հին ձեռագրեր աշխարհի ամենատարբեր վայրերից։ Մատենադարանում պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի թանգարան է այցելում մինչև 50000 մարդ։

Մատենադարանն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում հիմնադրված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մատենադարանում կան շատ հազվագյուտ գրքեր, դրանցից է հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. , «Տաղարանն» ու  «Աղթարքը», «Պարզատումարը», «Սաղմոսարանը», հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:

Այստեղ նաև կարելի է տեսնել աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր»։ Այն կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են: