Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ: