Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայագիր դպրոցի հիմնադիրը ու հայերենի առաջին ուսուցիչը: Մաշտոցը ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Վաղարշապատում հաստատվելուց հետո աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև զբաղվել է ռազմական գործով։ 394 թ. իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն, որպեսզի այն հասկանալի դառնար հայերի համար։ Այդ ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի կարևորությունը։ 387 թ. Պարսկաստանը և Բյուզանդիան կիսել են Հայաստանը։ Պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու:

Հայի ինքնությունը պահպանելու և որպես ազգ վերանալու վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը սկսում է հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծում է ինքնուրույն հայերեն գրականություն: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը ոչ ամբողջությամբ են համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, որտեղ և զբաղվել է հայերեն տառերի ստեղծմամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում Մաշտոցն ստեղծել է հայերեն այբուբենը։ Մեկ հնչյունին տվել է մեկ տառ, յուրաքանչյուր տառի՝ տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: 11-րդ դարում Մաշտոցյան այբուբենին ավելացվել են «օ» և «ֆ» տառերը: 406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: 

Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք, իսկ Օշականում իր գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է համարվում: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի անունով կոչել են Մատենադարանը:

Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվականին։ Նա քարոզում էր Հայաստանում քրիստոնեություն: Սակայն թագավոր Տրդատ 3-րդ Մեծը, որը հալածում էր քրիստոնյաներին, իմանալով այդ մասին, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի՝ նրան գաղտնի կերակրել է մի կին, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Քրիստոնյաներին հալածելու համար, Աստված պատժում է Տրդատին, և նրա դեմքը դառնում է խոզի մռութ: Տրդատ Գ-ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Հայաստանում սկսում են քանդել հեթանոսական տաճարները։ Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում լայն թափ է առնում եկեղեցիների կառուցումը, այդ թվում սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը: