Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։
Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։