Հաշվետվություն·Ձմեռային ճամբար·Ճամփորդություններ

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք ընկուզախաղերով, կարծես բոուլինգ լիներ։ Ընկույզները շարել էինք երկու շարքով, և մեկով խփում էինք մյուսներին։ Հաղթում էր նա, ով ամենից շատ ընկույզ էր հավաքում։ Այնուհետև օրը շարունակեցինք կավագործությամբ։ Կավից դիմակներ պատրաստեցինք։ Սկզբից դիմակների էսկիզները նկարեցինք թղթի վրա, հետո պատրաստեցինք դրանք կավից։

Այս շաբաթվա երկրորդ օրը մենք պատրաստեցինք թփով ծիսական տոլմա։ Դրա համար մեզ անհրաժեշտ եղավ բլղուր, գազար, տոմատ, սոխ, կանաչիների տեսականի և, բնականաբար, խաղողի թփի տերևներ։ Մեզ օգնեցին մեր դպրոցի խոհարարները։ Նրանք պատրաստեցին տոլմայի միջուկը, իսկ մեր տեխնոլոգիայի ուսուցչուհի ընկեր Անուշը ցույց տվեց, ինչպես պետք է փաթաթել տոլման։ Ցավոք, ինձ մոտ չստացվեց փաթաթել․ տոլմաս քանդվում էր։ Բայց ես չեմ հուսահատվում և առաջիկայում կփորձեմ տանը դա անել։ Ես չհամտեսեցի տոլման, քանի որ այդ տարբերակը չեմ հավանում։

Չորեքշաբթի մենք գնացինք Ժողովրդական Արվեստի թանգարան: Այնտեղ տեսանք հին Դաջեր, գդալնոցներ, աղամաններ դեկորատիվ ափսեներ ևսկուտեղներ։ Այդ ամենը պատրաստված է ընդամենը փայտից։ Հետո մենք գնացինք մյուս սենյակ, որտեղ ամեն ինչը պատրաստված էր արծաթից։ Դա արծաթե սենյակ էր կարծես։ Այնտեղ կային թևնոցներ, զարդարված շատ թանկարժեք քարերով։ Նաև տեսանք գոտիներ, վզնոցներ, տարբեր իրեր, պատրաստված արծաթե թելից։ Հետո անցանք ասեղնագործության սենյակ, իսկ այնտեղ տեսանք մեր տատիկների գործած սփրոցները և հարսի շորերը։ Իսկ գորգերի սենյակում կային շատ խալիներ, վիշապախալիներ, ընտանեկան խալիներ, որոնք գործում են ամբողջ ընտանիքով։

Հաջորդ օրը հագեցած էր տեխնոլոգիական աշխատանքով և մարմնակրթությամբ։ Հեքիաթի կերպարային տիկնիկներ պատրաստեցինք, իսկ հետո թեյախմություն կազմակերպեցինք։

Ճամբարային այս շաբաթն ամփոփեցինք սահադաշտում։ Խմբով այցելեցինք Երևանի Գեղասահքի և հոկեյի դպրոց։ Մեզ ուղեկցեց մեր մարմնակրթության ուսուցիչ ընկեր Ռոբերտը։ Քանի որ մենք անփորձ էինք, մենք անընդհատ ընկնում էինք։ Մեզ օգնության հասավ դպրոցի մարզիչը, ում հետ մենք սահեցինք։ Ինձ հաջողվեց մի պտույտ կատարել։ Հոգնած, սակայն երջանիկ վերադարձանք դպրոց։

Ավարտվեց ևս մեկ հետաքրքիր, հագեցած և ուրախ ճամբարային շաբաթ։

Оставьте комментарий