«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
____Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
____«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
____Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
____Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը , բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
____Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
____Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
____Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
____Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
____Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
____Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
____Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
____Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
____Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Խարտյաշ — Ոսկեգույն, դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
վերջալույս — իրիկնամուտ, մայրամուտ
մակաղած — (փխբ․) սփռված, տարածված
խորունկ — խոր
անդուլ — անդադար
ղողանջուն — ղաղանջ արձակող
շնկշնկան — փչող
հողմածեծ — հողմից, փոթորկից ծեծված
թավուտ, մացառուտ — խիտ թփերով, մացառներով ծածկված տեղ - Նկարագրի՛ր եղնիկին:
Եղնիկը մատղաշ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով և նուրբ թարթիչներով։
3․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
«Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
4․ Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Այս պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր կենդանի էակի համար իր ծննդավայրն ու բնակավայրը, հայրենի տունը շատ կարևոր են։ Այս պատմվածքի եղնիկը նույնպես հիշողություն ուներ, որն իրեն կանչում էր դեպի իր հարազատ անտառը, որտեղ գուցե մնացել էին իր ծնողները, ընկերները, իր սիրելի թփերն ու ծառերը։
5․ Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: