Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր: Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց,դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ,թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ նստեց։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ քարի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։