Դեռևս հնագույն ժամանակներից աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ սիրել են այս գեղեցիկ ծաղիկը։ Իրենց ստեղծագործություններում վարդը հիշատակել են նկարիչներն ու բանաստեղծները, իսկ բժիշկներրը վարդի տերևներն ու թերթիկներն օգտագործել են տարբեր դեղեր պատրաստելու համար։ Խոնարհումը վարդին, հավանաբար, առաջացել է Հին Հունաստանում, որտեղ այն համարվում է սուրբ ու իր բույրով պարուրում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի տաճարը։ Վարդը մեծ հարգանք էր վայելում նաև հռոմեացիների մոտ, ովքեր նոր հողեր գրավելով, տարածում էին իրենց հավատալիքներն ու ավանդույթները այլ ազգերի մեջ։ Այդպես վարդը հայտնի դարձավ նաև եվրոպական մյուս երկրներում։ Այդ հին ժամանակներից սկսած ծաղիկների մշակմամբ զբաղվողները բազմաթիվ տեսակների ու գույների վարդեր են ստացել։ Մեր օրերում ևս, ինչպես և շատ տարիներ առաջ, այս ծաղիկը համարվում է լավագույն նվերը կանանց համար ցանկացած տոնի առիթով։