Ըստ հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժ ունեցող հսկա է։ Անգեղ անունը նա ստացել է իր տգեղության պատճառով։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։
Ըստ առասպելի՝ Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած: Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը: Տորքը պատասխանում է, որ տխուր է, որովհետև միայնակ է, առանց սիրո. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին: Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, որը միայն կարող է սիրել Տորքին: Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում:
Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափեցնեւմ է թշնամիներին ու չարագործներին: Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին:

Տորք Անգեղի արձանը տեղադրվել է Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, 1982 թվականին։ Արձանի հեղինակը քանդակագործ Կարլեն Նուրիջանյանն է։
Տորք Անգեղ: 3 комментария