Հհին հայկական դիցաբանության մեջ ՎահագնՎիշապաքաղը եղել է ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը։ Ամենասիրելի և ընդհանրական աստվածը կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Մեծ պատմիչ Մովսես Խորենացին Վահագնին համարել է Հայոց թագավոր Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվել են երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ունեցել է հրեղեն մորուք ու մազեր, արեգակի պես աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվել սև ու ամեհի վիշապների դեմ, սպանել նրանց, ազատել տիեզերքը կործանման սպառնալիքից։ Այդ պատճառով էլ նրան անվանել են Վահագն Վիշապաքաղ։
Արամազդը Հայկական դիցաբանության մեջ հայտնի է որպես գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է հունական Զևս աստծուն։
Ըստ դիցաբանության՝ Արամազդն ունեցել է մի որդի՝ Միհր և երկու դիցուհի՝ Անահիտ ու Նանե անուններով։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը ընդհանրապես չի հիշատակվում։
Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» բառերով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդին նվիրված տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Այդ ժամանակ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։
Ըստ հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժ ունեցող հսկա է։ Անգեղ անունը նա ստացել է իր տգեղության պատճառով։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։
Ըստ առասպելի՝ Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած: Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը: Տորքը պատասխանում է, որ տխուր է, որովհետև միայնակ է, առանց սիրո. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին: Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, որը միայն կարող է սիրել Տորքին: Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում:
Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափեցնեւմ է թշնամիներին ու չարագործներին: Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին:
Տորք Անգեղի արձանը Երևանում
Ղազարոս Աղայանն իր «Տորք Անգեղ» պոեմում գրում է․
․․․Տորքը չէր նման հասարակ մարդու, Այլ մի աժդահա և շատ ահարկու, Աչքերը կասես մի կապույտ ծով․ Ճաճանչավորված արևի լույսով․ Սև–սև ունքերը՝ մութ ամպի նման՝ Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․ Քիթը կորնթարդ իբրև մի բլուր, Ատամներն ուրագ, եղունգները թուր․ Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան, Մեջքը սարաժայռ, կռները գերան, Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա, Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․ Ահռելի էր նա և այնքան ուժեղ, Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․
Տորք Անգեղի արձանը տեղադրվել է Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, 1982 թվականին։ Արձանի հեղինակը քանդակագործ Կարլեն Նուրիջանյանն է։